Հունիսի 7-ին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դմիտրի Ֆեոկտիստովը հայտնել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանի տարածքից Սիրիա մեկնել և ահաբեկչական կառույցներին անդամակցել է ընդամնեը 5 գրոհային: ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի ղեկավարի տեղակալի հայտարարությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ֆեոկտիստովը նշել է, որ եթե նախորդ տարիներին հարյուրավոր ահաբեկիչներ էին Ռուսաստանից մեկնում Սիրիա, ապա 2017 թ. ընթացքում այդ ցուցանիշը անհամեմատելիորեն նվազել է:
Նա նաև ավելացրել է, որ այս պահի դրությամբ Հյուսիսային Կովկասում մնացել է ընդամենը 50-80 գրոհային:
«Բոլորի անունները հայտնի են, բայց խնդիրը նրանց գտնելն է»,— հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ՝ 2017 թ. ապրիլին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ Հյուսիսային Կովկասի 2700 գրոհայիններ կռվում էին Սիրիայում և Իրաքում՝ ահաբեկչական կառույցների կազմում:
Սակայն դրանից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայում կռվող 20 հազար օտարերկրացի զինյալներից շուրջ 4500-ը Ռուսաստանից են, ևս շուրջ 5 հազարը՝ Կենտրոնական Ասիայից: