Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևելյան Բարզեհ թաղամասից դուրս է բերվել Սիրիայում կռվող ընդդիմադիր զինյալ խմբավորումների 455 զինյալ՝ իրենց ընտանիքների հետ միասին: Այս մասին հայտնել է Դամասկոսի նահանգապետ Ալաեդդին Իբրահիմը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նահանգապետը հայտարարել է, որ ավարտվել է Բարզեհ թաղամասից զինյալների դուրս բերման վերջին՝ չորրորդ փուլը: Ընդհանուր առմամբ դուրս է եկել 1012 մարդ, որից 455 հենց զինյալներն են: Այսպիսով, Դամասկոսի այդ թաղամասը ամբողջությամբ ազատվել է զինյալներից:
Ավելի վաղ՝ մայիսի 15-ին, զինյալների վերջին խումբը դուրս է բերվել նաև Բարզեհ թաղամասի հարևանությամբ գտնվող Կաբուն թաղամասից, որը համարվում էր Դամասկոսի արևելյան հատվածում զինյալ խմբավորումների ամենակարևոր հենակետերից մեկը: Այս երկու թաղամասերը ամբողջությամբ անցել են Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո:
Դեռևս մայիսի սկզբին զինյալ խմբավորումները Բարզեհ թաղամասը լքելու մասին համաձայնության էին եկել Սիրիայի կառավարության հետ: Առաջին խումբը դուրս է բերվել մայիսի 9-ին և տեղափոխվել է Սիրիայի հյուսիս՝ Իդլիբ նահանգ:
Ավելի վաղ՝ մայիսի 4-ին Աստանայում Սիրիայի կառավարության և բանակցություններին ներգրավված ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները ստորագրել են Սիրիայում «ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ ստեղծելու մասին համաձայնագիր: Իսկ համաձայնագրի կատարման երաշխավորի դերը ստանձնել են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: