Ապրիլի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության նորաստեղծ համալսարանը հայտարարել է ռազմական դպրոցներում և ենթասպաների պատրաստության կենտրոններում կուրսանտների ընդունելության պայմանները: Թուրքիայի ՊՆ-ի ենթակայությանը ռազմակրթական ոլորտն անցել էր 2016 թ.: Ընդունելության մասին հայտարարությունը տարածվել է Թուրքիայի ՊՆ էջում:
Ներկայում Թուրքիայի ՊՆ համալսարանի կազմում գործում են՝
- Ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային դպրոցներ՝ ապագա սպաների պատրաստության համար,
- Ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, նվագախմբի ենթասպաների պատրաստության հատուկ մասնագիտական դպրոցներ
Նշված ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդները կարող են ընդունելության փաստաթղթերը ներկայացնել ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում:
Այս տարվա ընդունելությունը Թուրքիայի պարագայում արտառոց է այնքանով, որ մինչև 2016 թ. օգոստոս ռազմակրթական հաստատությունները գտնվում էին զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ներքո: Թուրքիայի ՊՆ-ն մինչ նույն ժամկետը, լինելով քաղաքացիական, սահմանափակ լիազորություններ ունեցող կառույց, օրենսդրական մակարդակում ԶՈւ ԳՇ գործունեության վրա ազդելու լծակներ չուներ:
Սակայն 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ օգոստոսի 1-ից ԶՈւ գլխավոր շտաբն ամբողջությամբ, այդ թվում՝ ռազմակրթական ահստատությունները, դրվել են ՊՆ ենթակայության ներքո: Սա Թուրքիայի իշխանությունների համար կարևոր էր մասնավորապես այն տեսանկյունից, որ Թուրքիայի ռազմական ակադեմիաները, դպրոցները մշտապես ակտիվորեն ներգրավվել են ռազմական խռովություններին՝ հիմնված լինելով քեմալական գաղափարախոսությամբ կրթական համակարգի վրա: