Ապրիլի 19-ին Սիրիայի կառավարական բանակը և նրանց աջակցող խմբերը վերահսկողություն են սահմանել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք գտնվող Աբու-Կուլիա բարձունքի վրա:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով սիրիական հեռուստատեսություններից մեկին:
Բարձունքը ռազմավարական կարևոր նշանակություն ունի և գտնվում է Պալմիրայի մոտ՝ Ջաբալ ալ-Քեթար շրջանում: Սիրիական հեռուստատեսության տվյալներով՝ բարձունքը գրավելուց հետո այդ հատվածներում սկսվել են ականազերծման աշխատանքները:
Միևնույն ժամանակ Սիրիայի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է բարձունքի մոտ գտնվող ջրի ամբարտակը:
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հայտնել է, որ Սիրիայի Պալմիրա քաղաքում Ռուսաստանի կողմից զոհվածների թիվը 2017-ի հունվարի վերջից մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում գերազանցում է ՌԴ ՊՆ հրապարակած տվյալներին՝ հասնելով 21-ի: Սակայն ավելի ուշ ռուսաստանյան կողմը հերքել է գործակալության տվյալները՝ անվանելով այն ապատեղեկատվություն:
«Իսլամական պետությունը» Պալմիրան գրավել էր 2015-ի մայիսին և ոչնչացրել էր քաղաքի բազմաթիվ հուշարձաններ: 2016-ի մարտին Սիրիայի կառավարական ուժերը անցել էին քաղաքի ազատագրման գործողությանը՝ ազատագրելով մի շարք ռազմավարական շրջաններ: 2016-ի վերջին ԻՊ-ն վերանվաճել էր Պալմիրան, սակայն 2017-ի մարտին Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ երկրորդ անգամ ազատագրել են Պալմիրան:
Ռուսաստանը երկու անգամ՝ 2016-17 թվականների մարտ ամիսներին ականազերծել է Պալմիրան (1, 2):