ԱՄՆ կառավարությունը մտադիր է 2014 թ. Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո 10.000 զինծառայող թողնել այնտեղ, «Wall Street Journal»-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:
ԱՄՆ և Միջազգային զորքերի հրամանատար՝ գեներալ Ջոն Ալենն առաջարկել է Աֆղանստանում պահել 6.000-15.000 զինծառայող, ովքեր զբաղվելու են աֆղանական բանակի վերապատրաստմամբ և հակաահաբեկչական գործողություններով:
Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնեյն ասել է, որ Բարաք Օբաման դեռ վերջնական որոշում չի կայացրել և առաջիկայում վերանայելու է ներկայացված առաջարկները, ինչից հետո Աֆղանստանի կառավարության հետ սկսվելու են բանակցությունները:
Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը հայտարարել է, որ դեռ վաղաժամ է ենթադրություններ անել Աֆղանստանում զորքերի թվի վերաբերյալ: Ներկայումս Աֆղանստանում տեղակայված են 66.000 ԱՄՆ զինծառայող: