Նոյեմբերի 27-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շիաների երեք մզկիթների մոտ մեքենաների պայթյունների հետևանքով նախնական տվյալներով 19 մարդ է զոհվել: Ահաբեկչության հետևանքով 72 մարդ է վիրավորվել. նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է, ուստի զոհերի թիվը կարող է աճել:
Իրաքում լարված իրավիճակը պայմանավորված է կրոնական երկու խոշոր ուղղությունների ներկայացուցիչների՝ շիաների և սունիների միջև առկա տարաձայնություններով: 1997 թվականի մարդահամարի տվյալներով՝ Իրաքի բնակչության 66 տոկոսը շիա մահմեդականներ են, 34 տոկոսը՝ սուննի: Սադամ Հուսեյնի օրոք պետության բարձր պաշտոնները զբաղեցնում էին սուննիները: Սակայն 2003 թվականին ԱՄՆ զինված հարձակումից և Սադամի ռեժիմի տապալումից հետո բարձր պաշտոնները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնում են շիա մահմեդականները: