ՌԴ Պետդումայի պատգամավորը հանդես է եկել ԶՈՒ-ին վերաբերող նոր առաջարկով

ՌԴ Պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կոմոեդովն այս անգամ առաջարկել է զորակոչման ներքին շեմը դարձնել 19 տարեկանը:

Նման փոփոխության արդյունքում, ըստ նրա, ՌԴ զինված ուժերում կծառայեն ֆիզիկապես շատ ավելի ամրակազմ և բարոյապես հասուն զինվորներ: Բացի դա, ըստ առաջարկի հեղինակի, 19 տարեկան հասակում զինծառայողներն այլև չեն ունենա խնդիրներ քաշի հետ, որոնք այդքան հաճախ ի հայտ են գալիս 18 տարեկանում, և այդ դեպքում ԶՈՒ-ում նրանց հատուկ ուշադրություն և խնամք է անհրաժեշտ: Եվ որ պակաս կարևոր հանգամանք չէ, 19 տարեկանում զորակոչվելով՝ ապագա զինծառայողները կհասցնեն ավարտել 11-րդ դասարանը:

Կոմոեդովը միաժամանակ նշել է, որ զորակոչման առավելագույն տարիքը կարող է մնալ նույնը:

Նշենք, որ ավելի վաղ Կոմոեդովն առաջարկել էր երկարաձգել զինծառայության ժամկետը՝ նախկին մեկ տարվա փոխարեն հասցնելով այն մեկուկես տարվա: Քանի որ ըստ նրա՝ մեկ տարին բավական չէ մարտունակ, պատրաստված մասնագետներ, պահեստազոր ունենալու համար:
Սակայն Կրեմլի և ՊՆ ներկայացուցիչները հայտնել էին, որ Ռուսաստանում զինծառայողների ծառայության ժամկետը չի երկարաձգվի:
Միաժամանակ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբում դեմ չեն նման բարեփոխմանը և գտնում են, որ դա կնպաստի զինծառայողների մարտական պատրաստվածության բարձրացմանը:

Հավելենք, որ 2011 թվականին Անդրեյ Ֆուրսենկոն, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՌԴ Կրթության և գիտության նախարարի պաշտոնը, առաջարկել էր զորակոչման տարիքը սահմանել 20 տարեկանը, իսկ ՌԴ Տարիքային ֆիզիոլոգիայի ինստիտուտի մասնագետներն առաջարկել էին 19-ը: Սակայն ՌԴ ԳՇ պետի տեղակալ Վասիլի Սմիրնովն այդ ժամանակ 18 տարեկանը համարել էր «նորմալ տարիք զորակոչի համար»:

Աղբյուրներ՝ http://ria.ru/defense_safety/20121123/911855946.html
http://ria.ru/forces/20121122/911704888.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *