Թուրքիան պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին «Փեթրիոտ» համակարգեր ստանալու համար

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին հակաօդային պաշտպանության «Փեթրիոտ» հրթիռային համակարգեր ստանալու համար, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը Twitter հարթակում հայտնել է, որ դաշնակիցները այն «անհապաղ քննարկելու են»: Առանձին գրառմամբ նա ավելացրել է, որ համակարգերի տեղակայումը կհավելի դաշինքի անդամ Թուրքիայի ռազմաօդային պաշտպանության կարողությունները և կնպաստի ՆԱՏՕ-ի հարավային սահմաններում «ճգնաժամի նվազեցմանը»:

Ըստ Ռասմուսենի՝ տեղանքի զննում անցկացնելու նպատակով հաջորդ շաբաթ Թուրքիայի սահմանային գոտի համատեղ խումբ է գործուղվելու: Բացի այդ, նա ևս մեկ անգամ նշել է, որ համակարգերը չեն օգտագործվելու Սիրիայի տարածքում «ոչ թռիչքային» գոտի ստեղծելու համար:

Անցյալում ՆԱՏՕ-ն Թուրքիայի տարածքում «Փեթրիոտ» համակարգեր է տեղադրել երկու անգամ՝ 1991 և 2003 թթ. Իրաքի պատերազմի ժամանակ: Նրանք երբեք չեն օգտագործվել, և մի քանի ամիս անց դուրս են բերվել Թուրքիայից:

Գերմանիայի արտգործ նախարար Գվիդո Վեսթերվիլը հայտարարել է. «Լուրջ սխալ կլիներ, եթե մենք մերժեինք ՆԱՏՕ-ի անդամ երկրի պաշտպանությանն աջակցելու [խնդրանքին], երբ այդ երկիրը զգում է, որ արտաքին հարձակման վտանգ կա»:

Ըստ թուրքական «Ջումհուրիեթ» թերթի աղբյուրների, Թուրքիան բանակցում է Գերմանիայի հետ չորս «Փեթրիոտ» (PAC-3) համակարգերի վերաբերյալ, որոնք նախատեսվում է տեղադրել Ուրֆա (թուրքերեն Շանլըուրֆա) նահանգում: Նախատեսվում է, որ համակարգերը սպասարկելու են 160 գերմանացի զինծառայող: Համակարգերի տեղադրման ճշգրիտ վայրը որոշելու են գերմանացի մասնագետները:

Թուրքական «Ակշամ»-ը իր հերթին գրում է, որ 8 համակարգ տեղադրվելու են Հաթայ և Քիլիս նահանգներում և որ դրանց տեղակայման վայրերը արդեն որոշված են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *