Իսրայելն ու Համասը հրադադարի պայմանագիր են կնքել

Նոյեմեբերի 21-ին Կահիրեյում Եգիպտոսի արտգործ նախարար Կամել Ամրը հայտարարել է, որ Իսրայելը և Համասը հրադադարի պայմանագիր են կնքել:

Ըստ պայմանագրի՝ Իսրայելը համաձայնվել է դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները, այդ թվում և թիրախային գործողություններն ընդդեմ Համասի գործիչների, իսկ պաղեստինցիները պետք է դադարեցնեն հրթիռակոծումներն ու սահմանամերձ գոտու բնակավայրերի վրա հարձակումները:

Իսրայելի բանակը հայտնել է, որ հրադադարի պայմանագրի ընդունումից հետո Գազայից դեպի Իսրայել 3 հրթիռ է արձակվել, որից 2-ը ոչնչացվել է Երկաթե գմբեթ (Iron Dome) համակարգով: Հայտարարությունում ասվում է, որ կեսգիշերից հետո երկու կողմերը դադարեցրել են կրակը:

Պայմանագրի ստորագրումից առաջ նոյեմբերի 21-ին Թել Ավիվի կենտրոնում, Իսրայելի գլխավոր շտաբի մոտակայքում, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ավտոբուսի մեջ, որի հետևանքով վիրավորել են 21 անձ, որոնցից երկուսը ծանր, զոհեր չեն եղել: Հարձակման համար Համասը պատասխանատվությունը իր վրա չի վերցրել, բայց ողջունել է այն և անվանել «Իսրայելի հարձակումներին բնական պատասխան»:

Պայմանագրի ստորագրումը Գազայի բնակիչները նշել են դրոշներով և հրավառությամբ:

Իսրայելի բանակի ռադիոն հայտարարել է, որ Իսրայելում բողոքի ոչ մեծ ցույցեր են կայացել: Ցուցարարները ասել են, որ բանակը պետք է Համասին ավելի ուժեղ հարվածեր և որոշ պաստառներ դատապարտել են «ահաբեկիչների հետ համաձայնություները»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ նա համաձայնվել է Եգիպտոսի հրադադարի առաջարկին, որպեսզի «ավելի մեծ ուժ գործադրելուց առաջ հնարավորություն տալ իրավիճակը հանգստացնելուն և կայունացնելուն»:

Համասի աքսորված ղեկավար Խալիդ Մեշալը ասել է, որ Իսրայելի հարձակումը ձախողվել է և որ պայմանագիրը համահունչ է Համասի գլխավոր պահանջներին: «Գազայի սահմանային բոլոր անցակետերը բացվելու են, այդ թվում նաև Եգիպտոսի հետ կապողները» ասել է Մեշալը:

Գազայի ներսից Համասի խոսնակ Իհաբ Հուսեյնը հրադադարը գնահատել է, որպես հաղթանակ: «Նրանք [իսրայելցիները] բացելու են սահմաները և դադարելու են մեր ժողովրդին սպանելը», — ասել է նա:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հակամարտության սկզբից ի վեր իր առաջին հայտարարությունում հակամարտող կողմերին կոչ է արել հետևել պայմանագրին, նաև գնահատել է Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի և այլոց ջանքերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է հրադադարի պայմանագիրը և նշել, որ Գազայի հատվածը շտապ մարդասիրական օգնության կարիք ունի:

Իսրայելը հայտարարել է, որ «Պաշտպանիչ սյուն» գործողության ընթացքում Իսրայելը թիրախավորել է 1500 «ահաբեկչական» օբյեկտներ, այդ թվում 30 բարձրաստիճան զինյալների, 980 ստորգետնյա հրթիռային կայաններ և 140 թունելներ: Իսրայելական բանակը հայտնել է, որ պաղեստինցիները առաջին անգամ օգտագործել են հեռահար հրթիռներ, ինչպես օրինակ իրանական «Ֆաջր-5»-ը:

Յոթ օրյա հակամարտությոան ընթացքում զոհվել են 150-ից ավել պաղեստինցիներ և 5 իսրայելցի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *