Վրաստանում սկսվել է ՆԱՏՕ-ի միջազգային Noble Partner-2017 զորավարժության նախապատրաստումը: Այս տարի զորավարժությանը մասնակցելու են 11 պետության ԶՈւ զինծառայողներ, այդ թվում նաև Թուրքիայից, Ադրբեջանից ու Հայաստանից:

ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ (արխիվ)
Զորավարժության հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի զորքերի հետ Վրաստանի ԶՈւ անձնակազմի համատեղելիության ապահովումն է:
Վրաստանում արդեն երրորդ անգամ անցկացվող այս զորավարժությանը Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Այն մասին, թե Հայաստանից ինչ ստորաբաժանումներ են մասնակցելու զորավարժությանը, մեզ հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնակցելու են միայն զորավարժության մարտական ապահովման տեսանկյունից: Հայաստանի կողմից լինելու է ռազմական հոսպիտալային օղակ, որն իր բժշկական անձնակազմով մասնակցելու է զորավարժությանը»:
Ինչպես այս տարի, նախորդ տարի նույնպես այս զորավարժությանը ներգրավված են եղել ամերիկյան և բրիտանական զինված ուժերի ստորաբաժանումներ: Ընդ որում՝ նրանք իրենց հետ առաջին անգամ Վրաստան էին բերել նաև իրենց սպառազինությունը և ռազմական տեխնիկան, այդ թվում նաև «Աբրամս» տանկեր և հաուբիցներ:
Այս պայմաններում զորավարժության անցկացմանն արձագանքել էր նաև Ռուսաստանը: Երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ այս զորավարժությունը դիտարկվում էր որպես տարածաշրջանն ապակայունացնող գործոն:
Այս տարի անցկացվելիք զորավարժությանը Ռուսաստանի վերաբերմունքին մեզ հետ զրույցում անդրադարձել է վրացագետ Ալիկ Էրոյանցը.
«Ռուսաստանը ժամանակին նաև պաշտոնապես հայտարարել է կոնկրետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված, որ իրենք դա, այսպես ասած, թույլ կտան, աչք կփակեն դրա վրա: Բայց օրինակ ՆԱՏՕ-ի հետ կապված՝ նրանք շատ ավելի նրբազգաց են: Եթե այդ կոնտեքստով նայենք, բնական է, որ նրանք որոշակիորեն բացասական կվերաբերվեն: Բայց, այդուհանդերձ, չեմ կարծում, որ դա տագնապային հարթության մեջ կարելի է դիտարկել»:
Զորավարժության մտահղացման, գործողությունների և մասնակից զինծառայողների քանակի մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել:
Հայտնի է, որ այս տարի զորավարժությունն անցկացվելու է Թբիլիսիի մոտ գտնվող «Վազիանի» զորավարժարանում, ինչի մասին հայտարարել է Վրաստանի բանակի արևելյան հրամանատարության ղեկավար, գնդապետ Շավլեգո Թաբաթաձեն.
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում: «Վազիանի» զորավարժարանում անցկացվելիք զորավարժությանը մասնակցելու է 11 պետություն: Եվ նախապատրաստական աշխատանքները շարունակվելու են նաև մայիսին, իսկ բուն զորավարժությունը կանցկացվի հուլիսի վերջին»:
Ավելացնենք, որ Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից բացի, զորավարժությանը մասնակցելու են նաև Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Սլովենիայի զինված ուժերի զինծառայողներ: