Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ստորագրվելիք համաձայնագրի շրջանակներում Հարավային Օսիայի 150 զինծառայող կհամալրի ՌԴ ԶՈւ շարքերը։ Զինծառայողները ծառայությունը կիրականացնեն Օսիայի տարածքում, սակայն ՌԴ ԶՈւ 4-րդ գվարդիական ռազմաբազայի կազմում։ Այս մասին Sputnik Ossetia-ին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը։
Ավելի վաղ Թիբիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Հարավային Օսիան կստորագրեն համաձայնագիր Հարավային Օսիայի ստորաբաժանումների զինծառայողների՝ Ռուսաստանի ԶՈւ շարքերը համալրելու մասին։
Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել կառավարության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է Հարավային Օսիայի հետ կնքել համաձայնագիր հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումների ՝ Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ անցնելու մասին:
Համաձայնագրի նախագծում նշվում է, որ դրա կնքումից հետո եռամսյա ժամկետում Հարավային Օսիայի զինված ուժերի՝ «խաղաղ ժամանակ գործող» (գործնականում բոլոր — խմբ) ստորաբաժանումներում ծառայող անձնակազմը դուրս է գալու ծառայությունից և պայմանագրային ծառայության անցնի Հարավային Օսիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում:
Թեմայի մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև Ռազմինֆոյի վերլուծաբանների պատրաստած ռեպորտաժում:
Այսպիսի համաձայնագիր կնքելու մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2015 թվականի մարտին կնքված մեկ այլ պայմանագրով: Դրանով նախատեսվում էր, որ Ռուսաստանը ստանձնելու է Հարավային Օսիայի սահմանների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը: ԱՅդ նպատակով Հարավային Օսիայի զինված ուժերի և անվտանգության մարմինների «առանձին ստորաբաժանումներ» պետք է մտնեին Ռուսաստանի զինված ուժերի ու այլ կառույցների կազմի մեջ:
Հարավային Օսիայում ռուսաստանյան 4-րդ ռազմաբազան տեղակայվել է 2009 թվականից 49 տարի ժամկետով։ Բազան գտնվում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարության տակ։