Գերմանիան համոզված չէ, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպել է Գյուլենը

Գերմանիան համոզված չէ, որ Թուրքիայում 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավար Բրունու Կահլը՝ գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում

«Թուրքիան փորձել է տարբեր միջոցներով վստահեցնել, որ Գյուլենն է մեղավոր, բայց նրանց դեռևս չի հաջողվել համոզել»,-ասել է Կահլը:

Հետախուզության ղեկավարի հայտարարությունը Թուրքիայում լուրջ քննադատության է արժանացել: Հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը քննադատել է այս հայտարարությունը՝ նշելով հետևյալը.

«Եթե մարդ, ով Գերմանիայի հետախուզության ղեկավարն է, հայտարարում է՝  իրենք չենք կարող տեսնել, թե ով է կագնած հեղաշրջման հետևում, կամ կույր է, կամ խուլ»:

Ըշըքը նշել է, որ Գերմանիայի պաշտոնիայի նման հայտարարությունը Թուրքիայի մոտ կասկածներ է առաջացնում թե արդյո՞ք նրանք համագործակցում են Գյուլենի կազմակերպության հետ և «հնարավո՞ր է արդյոք, որ Գերմանիան ևս կանգնած է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետևում»:

Քննադատող հայտարարություն է արել նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Ըստ Քալընի՝ սա ցույց է տալիս, որ Գերմանիան «պաշտպանելու է Գյուլենի «ահաբեկչական կառույցը» այնպես, ինչպես «պաշտպանում է «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK)»: Փոխանցում է թուրքական Huriyet Daily News լրատվակայքը:

Նշենք, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները կրկին լարվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի ներկայացուցիչներին արգելել են սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ անցկացնել Գերմանիայի տարածքում:

Արդյունքում չեղարկվել են նախապես պլանավորված միջոցառումներ, ինչից հետո Թուրքիայի նախագահը քննադատել է Գերմանիայի իշխանություններին: Էրդողանը նացիստական է անվանել գերմանական կողմի քայլերը: Ավելի ուշ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թուրքական կողմից պահանջել է դադարեցնել իրենց նացիստ անվանելը: Երկու երկրների միջև լարվածությունը շարունակվում է։

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը իրականացվել է 2016-ի հուլիսի 15-16-ին: Դրան ներգրավված էին զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *