ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում

Մարտի 9-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ջոն Դորիանը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքայի ազատագրմանն օժանդակելու համար Սիրիա կուղարկվեն ԱՄՆ ևս 400 զինծառայող: Փոխանցում է «Նյու Յորք Թայմս» պարբերականը:

Պաշտոնյան նշել է, որ պատրաստվում են Ռաքքայի ազատագրման գործողության կրակային և լոգիստիկ աջակցության համար:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Նշվում է, որ գործողության ցամաքային մասը հիմնականում իրականացնելու են սիրիական ուժերը, իսկ ամերիկացիները իրականացնելու են կրակային աջակցություն և խորհրդատվություն:

Մարտի 8-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Ծովային հետևակի ստորաբաժանումներից Սիրիա է ուղարկել լրացուցիչ զորքեր «Իսլամական պետությունից» Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման համար:

Իսկ մարտի 10-ին RT լրատվական գործակալությունը հրապարակել է Սիրիայում ԱՄՆ ծովային հետևակի զրահամեքենաների մասնակցությամբ տեսանյութ:

ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ջոն Դորիանը Սիրիայում՝ մասնավորապես Մանբիջում, ռազմական ներկայությունը մեծացնելու մասին հայտնել էր նաև մարտի 4-ին:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում նկատվել էին ամերիկյան արտադրության զրահամեքենաներ, որոնք եղել էին ԱՄՆ դրոշներով:

Հավելենք, որ  ԱՄՆ ղեկավարաթյունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, քննարկում է Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար որպես պահեստային զորք Քուվեյթում մինչև 1000 զինծառայողից բաղկացած զորախումբ տեղակայելու հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *