ԱՄՆ պաշպանության նախարարի կարծիքով 2011-ին զինված ուժերում 19 հազ. սեռական բռնության դեպք է եղել

Ըստ պաշտոնական տվյալների ԱՄՆ զինված ուժերում 2011թ. գրանցվել է 3191 սեռական բռնության դեպք, բայց պաշտպանության նախարար Լեոն Պենետայի կարծիքով դրանց թիվը շուրջ 19 հազար է: Սեռական բռնություների համար այս տարվա մարտին և սեպտեմբերին ԱՄՆ բազմաթիվ զինծառայողներ դատական հայցեր են ներկայացրել ԱՄՆ զինված ուժերի դեմ:

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանում սեպտեմբերի 27-ին 20 ԱՄՆ կին և տղամարդ զինծառայող դատական հայց են ներկայացրել ԱՄՆ Բանակի և ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ղեկավարության դեմ:

Դատական հայցում գործող և նախկին զինծառայողները պնդում են, որ զինծառայության ընթացքում նրանք սեռական բռնության են ենթարկվել և երևույթը ղեկավարներին հաղորդելուց հետո վրեժխնդրության զոհ դարձել:

Դատական գործը ԱՄՆ Բանակի և ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ղեկավարությանը մեղադրում է սեռական բռնության դեպքերին դատական կարգով հետապնդում չսկսելու և դեպքերը պատշաճ կերպով չուսումնասիրելու համար:

Մարտին, դատական այդօրինակ հայցից հետո, ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը և ԱՄՆ Ռազմածովային ուժերն ավելացրեցին հետաքննիչների ֆինանսավորումը և սեռական բռնություների արձագանքման ու կանխարգելման ծառայության ղեկավարի պաշտոնը դարձավ գեներալական:

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարությոան տվյալների կանայք կազմում են ԱՄՆ Զինված ուժերի 14.5%-ը (207,308): Ըստ նույն տվյալների, նրանցից յուրաքանչյուր 3-րդը սեռական բռնության է ենթարկվել: Ըստ Huffington Post-ի հաշվարկների, կին զինծառայողներն անցած տարի ունեցել են սեռական բռնության ենթարկվելու 180 անգամ ավելի մեծ հավանակություն, քան անցած 11 տարում Իրաքում կամ Աֆղանստանում զոհվելու:

Այս տարվա հունվարին ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պենետան հայտարարել էր, որ իր կարծիքով ԱՄՆ զինված ուժերում սեռական բռնությունների թիվը 6 անգամ ավելի է, քան հաղորդվում է և նոր միջոցառումներ են պատրաստվում դրանց թիվը նվազեցնելու համար:

2011թ. ԱՄՆ զինված ուժերում գրանցվել է 3191 սեռական բռնության դեպք, 2010-ին` 3158, բայց Պենետայի կարծիքով բռնության ենթարկվածներից շատերը չեն հաղորդել և նրանց թիվը մոտ 19000 է:

Մամուլի ասուլիսում Պենետան ասել է. «Այս կանայք և տղամարդիկ, ովքեր պատրաստ են կռվել և զոհվել այս երկիրը պաշտպանելու համար, արժանի են ավելի լավ պաշտպանության: Եվ այդ պատճառով մենք ջանք չպետք է խնայենք նրանց այս սարսափելի հանցագործությունից պաշտպանելու համար»:

Պենետան այս հայտարարությունը արել է «Անտեսանելի պատերազմ» (The Invisible War) վավերագրական ֆիլմի պրեմիերայից երկու օր առաջ: Ֆիլմը լուսաբանում է ԱՄՆ զինված ուժերում սեռական բռնությունները:

Պենետայի նոր նախաձեռնություների մեջ են մտնում տուժածների ծառայություների ընդլայնումը, որում ընդգրկվելու են ԱՄՆ զինծառայողների ըտանիքների անդամները, ինչպես նաև Պենտագոնի քաղաքացիական ծառայողները և արտասահմանում պայմանագրային ուժերը: Նաև ավելի շատ գումար է տրամադրվելու քննիչներին և իրավաբաններին, որպեսի հանցագործները պատժվեն: Սեռական բռնության մեղադրանք ներկայացնող զինծառայողները կարողանալու են անմիջապես տեղափոխվել նոր զորամաս:

Աղբյուրներ՝
Panetta: Could be 19,000 military sex assaults each year

Military Sexual Assault Epidemic Continues To Claim Victims As Defense Department Fails Females

Foster, L. & Vince, S. (2010). Women Veterans by the numbers. (California Research Bureau Brief). Retrieved from California Research Bureau, California State Library

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *