Վաղը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը նշելու է անկախության 29-ամյակը

Վաղը՝ նոյեմբերի 15-ին, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) նշելու է անկախության 29-ամյակը: Կիպրոսի թուրք և հույն բնակիչների լարվածությունը հասել է իր գագաթնակետին, երբ 1974թ. հուլիսի 15-ին հույները Հունաստանի հետ վերամիավորվելու նպատակով հեղաշրջում կատարեցին:

Հեղաշրջումից 5 օր հետո` հուլիսի 20-ին, թուրքական բանակը Կիպրոսի հանրապետության սահմանադրական օրենքը հաստատելու պատրվակով ներխուժեց Կիպրոս: Ներխուժումը հիմնավորվում էր1960թ. Միացյալ Թագավորության, Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի կողմից ստորագրված «Երաշխիքների պայմանագիրի»: Հարձակումից 3 օր անց թուրքական զորքերի հսկողության տակ էր գտնվում Կիպրոսի տարածքի 3%-ը:

Հուլիսի 25-30-ը Ժնևում Կիպրոսի գործող նախագահ Գլաֆկոս Քլերիդեսը, Կիպրոսի թուրք բնակչության ներկայացուցիչ Ռաուֆ Դենքթաշը և Թուրքիայի արտգործնախարար Թուրան Գյունեշը անհաջող խաղաղության բանակցություներ անցկացրեցին: Օգոստոսի 14-ին խաղաղության բանակցությունների երկրորդ փորձն արվեց, որտեղ Թուրքիան Կիպրոսից պահանջում էր դառնալ դաշնային նահանգ և բնակչության տեղափոխություն իրականացնել: Կիպրոսի գործող նախագահ Գլաֆկոս Քլերիդեսը 36-ից 48 ժամ է պահանջել Աթենքի և Կիպրոսի ղեկավարների հետ խորհրդակցելու համար, որը Թուրքիայի արտգործնախարար Թուրան Գյունեշը մերժել է: Նույն օրը Գյունեշը զանգահարել է Թուրքիայի պաշտպանության նախարարին և պայմանավորվածության համաձայն, գաղտնաբառով նրան ակնարկել` սկսել Կիպրոսի գրավումը:

Օգոստոսի 14-ից 16-ը թուրքական 40 հազարանոց բանակը 200 տանկերով իրականացրել է 2-րդ հարձակումը Կիպրոսի վրա, որի հետևանքով Կիպրոսի 37%-ն անցել է թուրքական հսկողության տակ: Ըստ Կիրպրոսի հանրապետության տվյալների, այս հարձակման պատճառով շուրջ 140-200 հազար հույն դարձել է փախստական:

Թուրքական զորքի ներխուժումից հետո Կիպրոսը բաժանվել է երկու մասի` հունական և թուրքական: 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) անկախությունը:

Միջազգային ճանաչում չունենալու պատճառով, ՀԿԹՀ-ն տնտեսական, քաղաքական և ռազմական կախում ունի Թուրիքայից: Թուրքիան ներկայումս ՀԿԹՀ-ում պահում է 17 հազարանոց բանակ, որոնց տեղակայումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը դատապարտել է մի քանի բանաձևերով:

Նոյեմբերի 14-ին ՀԿԹՀ-ում Թուրքիայի դեսպան Հալիլ Իբրահիմ Աքչան (Halil Ibrahim Akca) հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է կրճատել ՀԿԹՀ-ի ֆինանսավորումը` օդանավակայանների, էլեկտրաէներգիայի արտադրության, հեռահաղորդակցության, նավահանգիստների սեփականաշնորհումը խրախուսելու նպատակով:

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ տարեկան 600 մլն դոլարի թուրքական օգնության մեծագույն մասը հատկացվում է ՀԿԹՀ-ի պետական ծառայողների աշխատավարձին:

Չնայած թուրքական օգնությանը` ՀԿԹՀ-ի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին սրվել են: Անցած տարի Կիպրոսի թուրքերը մի շարք զանգվածային հանրահավաքներ են անցկացրել Հյուսիսային Նիկոսիայում:

Ի պատասխան` Էրդողանը Կիպրոսի թուրքերին անվանել է անշնորհակալ` մի կողմից բողոքելու, իսկ մյուս կողմից Թուրքիայի հատկացումներից օգտվելու համար: Էրդողանը էլ ավելի է բարձրացրել Կիպրոսի թուրքերի զայրույթը` ՀԿԹՀ-ում Թուրքիայի դեսպան Աքչանին նշանակելով, որը եղել է տնտեսական կրճատումների գլխավոր ճարտարապետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *