Ռուսաստանը և Արաբական Միացյալ էմիրությունները համատեղ 5-րդ սերնդի թեթև կործանիչներ են արտադրելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Փետրվարի 20-ին փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ըստ «Ռոստեխ» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովի՝ կործանիչը կառուցվելու է ՄիԳ-29-ի հիմքի վրա։ Աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականին և կտևեն մոտ 7-8 տարի։
Ռուսական կողմից նախագծին մասնակցելու են «Միացյալ ավիաշինական կորպորացիան», «Սուխոյ» և «Միգ» ավիաշինական ընկերությունները։
Ինքաթիռի կոնցեպցիան դեռ չի հստակեցվել և դեռ հայտնի չէ՝ այն ունենալու է մեկ, թե երկու շարժիչ։
Միաժամանակ ԱՄԷ-ն Ռուսաստանի հետ ստորագրել է պայմանագիր Սու-35 կործանիչների գնման մտադրության մասին։ Կործանիչների մատակարարման շուրջ բանակցություններ ընթանում էին դեռ 2015-ից։
4-րդ սերնդի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործվում է 1983-ից։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։
Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլ տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։