Դադարեցվել է զրահաբաճկոնների և սաղավարտների արտադրման ադրբեջանական նախագիծը

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվակայքերը, նախագիծը պիտի իրականացվեր Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարարության «Ռադիոգուրաշդիրմա» արտադրամասի և Հորդանանի «NP Aerospace Jordan» ընկերության միջև ավելի վաղ կնքված պայմանագրի համաձայն:

Պայմանագիրը կնքվել է 2010 թվականին Ամման քաղաքում. հորդանանյան ընկերությունը Ադրբեջանին զրահաբաճկոնների և սաղավարտների արտադրության արտոնագիր է տվել:

Ըստ պայմանագրի «NP Aerospace» ընկերությունն Ադրբեջանին 15 հազար սաղավարտների և զրահազգեստների 12 հազար կերամիկական սալիկների արտադրման համար կոմպոզիտային նյութեր պիտի տրամադրեր:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հորդանանյան կողմը ադրբեջանցի մասնագետների համար նաև հատուկ կուրսեր է կազմակերպել:

Նախագծի տապալման պատճառը, ինչպես հաղորդվում է, այն է, որ «NP Aerospace Jordan» ընկերության հիմնադիրներից անգլիական «NP Aerospace» ընկերությունը դեմ է նշված գործարքին: Անգլիական ընկերության նման որոշման պատճառներն առայժմ չեն նշվում:

Նշենք, որ անգլիական «NP Aerospace» ընկերությունը զրահի (զրահաբաճկոններ, ավտոմեքենաների և մարտական մեքենաների զրահ), ռումբերի վնասազերծման մասնագետների համար պաշտպանական հագուստների արտադրման առաջատար կազմակերպությունն է աշխարհում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *