[Լրացված] Հունվարի 16-ին չպարզված հանգամանքներում հրազենի կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.): Հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Հունվարի 23-ին Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Սերժանտ Արայիկ Սարգսյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Նշվում է, որ պայմանագրային զինծառայողը որովայնի շրջանում մահացու վնասվածքն ստացել է՝ նույն զորամասի զինծառայողներից մեկի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։

Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողը, վերցնելով ծառայակցին ամրակցված ինքնաձիգը, մասամբ հանել է փամփշտատուփը և կատարել լիցքավորման գործողություն, ապա կարծելով, որ ինքնաձիգի փամփշտանոց փամփուշտ չի մտել, սեղմել է ձգանը։ Արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող Սարգսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

One response to “[Լրացված] Հունվարի 16-ին չպարզված հանգամանքներում հրազենի կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *