2017-ին ՀՀ ՊՆ գերակա խնդիրն է ռազմավարական զսպման համակարգի զարգացումը. Կառավարության որոշում

Հունվարի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատվել է «ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» որոշումը, որում ՀՀ ՊՆ մասով որպես գերակա խնդիր է սահմանվել «Ռազմավարական զսպման համակարգի զարգացումը»:

Սահմանվել են նաև այդ խնդրի լուծման քայլերը և դրանց կատարման ժամկետները: ՀՀ ՊՆ գերակա խնդրի լուծման համար նախատեսված են հետևյալ քայլերը.

  1. ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունների ավելացում (մինչև դեկտ. 1),
  2. Հետախուզական հնարավորությունների ավելացմամբ վաղ հայտնաբերման համակարգի ընդլայնում (մինչև դեկտ. 1),
  3. Պետական և ռազմական կառավարման համակարգի կատարելագործում (տարվա ընթացքում),
  4. Միջազգային դաշնակցային, գործընկերային և իրավապայմանագրային հարաբերությունների զարգացում (տարվա ընթացքում),
  5. Պաշտպանության ոլորտի օրենսդրական ակտերի վերանայում (Կառավարություն ներկայացնել սեպտեմբերի 1-ին տասնօրյակում*):

Փաստաթղթին կից ներկայացված հիմնավորման մեջ առաջին երկու կետերի վերաբերյալ մասնավորապես նշվում է.

«… ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունների ավելացման ու հետախուզական հնարավորությունների ավելացմամբ վաղ հայտնաբերման համակարգի ընդլայնման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել համապատասխան սպառազինություն և սարքավորումներ, անհրաժեշտ մատակարարումների պայմանագրերի կնքման և կատարման ժամկետ է նախատեսվում տարվա 2-րդ կիսամյակը»:

Միաժամանակ ներկայացված է նաև ակնկալվող արդյունքը, ըստ որի.

«Գերակա խնդրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ՀՀ պաշտպանունակության մակարդակը, ՀՀ ռազմական անվտանգության համակարգը համապատասխանեցնել ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսված) զարգացումներին և ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, ընդլայնել ՀՀ պաշտպանության ապահովման միջազգային ռազմաքաղաքական և ռազմական երաշխիքները, ստեղծել անհրաժեշտ պայմաններ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եղանակը հակառակորդին պարտադրելու համար»:

* Ինչ վերաբերում է գերակա խնդրի լուծման համար նախատեսված քայլերից հինգերորդին, ապա պաշտպանության նախարարությունը նախատեսում է սեպտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում Կառավարություն ներկայացնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր:

Սրա վերաբերյալ հիմնավորման մեջ նշվում է.

«… Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել պարտադիր, պայմանագրային և պահեստազորային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, հստակ ամրագրել զինծառայողի կարգավիճակը և դրանից բխող նրա իրավունքների և պարտականությունների, սոցիալական ու իրավական երաշխիքների շրջանակը»:

Արդեն այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել են նախարարության 2016 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքները: Մասնավորապես նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիր է ճանաչվել ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» համակարգի ներդրումը:

Գերակա խնդրի իրականացմանն ուղղված քայլեր են նախատեսվել.

  1. պատերազմի (ռազմական և մարտական գործողությունների) վարման առավել օպտիմալ ձևերի ու եղանակների մշակումը,
  2. ՀՀ ԶՈւ կառավարման համակարգում կառավարման մարմինների լիազորությունների և գործառույթների շրջանակների որոշումը,
  3. համակարգի ներդրման շրջանակներում ՀՀ ԶՈՒ անձնակազմի վերապատրաստման նպատակով գործընկեր երկրների ռազմաուսումնական կենտրոններում անցկացվող դասընթացներին (անհատական պատրաստություն) և զորավարժություններին (հավաքական պատրաստություն) մասնակցությունը,
  4. ՀՀ ԶՈւ կառավարման մարմինների, կառավարման կետերի կառուցվածքի և տեխնիկական միջոցներով հագեցվածության վերանայումը,
  5. համապատասխան կարգավորիչ և ղեկավար փաստաթղթերում փոփոխությունների ու լրացումների կատարումը (ըստ անհրաժեշտության` նոր փաստաթղթերի մշակում):

Գերակա խնդրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվել են «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» համակարգի հայեցակետերը և հիմնական հատկանիշները, հաստատվել է համակարգը ամբողջապես ներդնելու պլան-ժամանակացույց, որի համաձայն նախատեսվում է մինչև 2020 թվականն իրականացնել մի շարք ծրագրեր` ուղղված համակարգի փորձնական ներդրմանը, մարտական և ուսումնական փորձի կուտակմանը, վերլուծությանը և զորքերում տարածմանը:

Միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում նախարարության ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով Եվրոպայում մասնակցել են ԱՄՆ ցամաքային զորքերի զորավարժությանը: Իրականացվող գործընթացին օժանդակել է նաև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը, որը խորհրդատվություն է տրամադրել միջազգային փորձի, համակարգի էության և ՀՀ զինված ուժերում դրա ներդրման, ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, հրամանատարների կողմից որոշումների ընդունման կարգի վերաբերյալ:

Ամփոփման մեջ նշվում է նաև, որ տարվա ընթացքում Կառավարությունում հաստատվել և Ազգային ժողով են ուղարկվել.

  • ««ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
  • ««ՀՀ ԶՈւ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

One response to “2017-ին ՀՀ ՊՆ գերակա խնդիրն է ռազմավարական զսպման համակարգի զարգացումը. Կառավարության որոշում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *