Վրաստանի ՊՆ-ն հայտնում է, որ 2017 թ. Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները համագործակցելու են հիմնականում մարտավարական պլանավորման, ռազմական կրթության, բժշկության, ռազմական ոստիկանության հարցով փորձի փոխանակման ոլորտներում:
Վրաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը համագործակցելու են նաև միջազգային խաղաղապահական առաքելություններին մասնակցության հարցում:
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր հերթին հայ զինծառայողներին հրավիրել է մասնակցել Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի 2017 թ. ամառային և ձմեռային պատրաստության դասընթացներին:
Վրաստանի այցի ընթացքում Վիգեն Սարգսյանը պետք է լիներ նաև Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների ամրապնդման դպրոցում, որը բացվել է 2016 թ. ամռանը՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ՝ «էական փաթեթի» [2014թ. Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթը. Substantial NATO-Georgia Package—Razm.info] շրջանակներում:
Ավելացնենք, որ նույն օրը Վիգեն Սարգսյանը նաև հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, տարածաշրջանի դրությունը: