Դեկտեմբերի 20-ին Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Էստոնիայի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները՝ կարևորելով փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունն ու դրանց նշանակությունը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի դերին խաղաղապահ գործողություններին մասնակցության համատեքստում:
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանը, ակտիվորեն մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելություններին, իր ուրույն ներդրումն է ունենում աշխարհի տարբեր հատվածներում անվտանգություն ապահովման գործում: Էստոնիայի պաշտպանության նախարարն իր հերթին ներկայացրել է խաղաղապահ գործողություններում Էստոնիայի դերակատարությունը: