Հալեպում հայ է զոհվել

Նոյեմբերի 1-ին Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում դիպուկահարի կրակից զոհվել է ազգությամբ հայ Ջորջ Կաբանջյանը, «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:

Ժիրայր Ռեիսյանը նույնպես տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Հալեպի հայկական թաղամասերից հրթիռների ձայներ են լսվել և ավելացրել, որ պատճառած վնասների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Մեկ այլ դեպք է տեղի ունեցել Դամասկոսից Հալեպ ճանապարհին: Հալեպի մուտքի մոտ ապստամբները երկու մարդ են առևանգել, որոնցից մեկը եղել է հայ: Առևանգվածի ինքնությունը կամ այլ տեղեկություներ դեռ չկան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ապստամբները կանգնեցրել էին Բեյրութից Հալեպ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և գերի վերցրել 10 տղամարդու, որոնցից 7-ը՝ ազգությամբ հայ: Ըստ Ռեսիյանի, նրանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նրանց մի քանիսի ինքնությունը արդեն հայտնի է՝ Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, և Լեւոն Զեյթունյան:

Սիրիայում մոտ 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *