Սիրիայում առևանգել են 7 հայի

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այսօր` հոկտեմբերի 30-ին, Սիրիայի ապստամբները կանգնեցրել են Բեյրութից Հալեպ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և գերի վերցրել 10 տղամարդու, որոնցից 7-ը ազգությամբ հայ են, իսկ մյուս 3-ը` քրիստոնյա արաբ: Այս մասին Երկիր մեդիային հաղորդել են դեպքին ականատես սիրիահայերը:

Ըստ աղբյուրի` սևազգեստ ապստամբները տղամարդկանց ծնկի են բերել, հարվածել, ապա տարել իրենց հետ: Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են ազատ արձակել իրենց 150 զինակիցներին և սպառնացել են գնդակահարել պատանդներին, եթե երեք օրվա ընթացքում իրենց զինակիցները ազատ չարձակվեն: Առևանգվածների ինքնությունն առայժմ անհայտ է։

«Երկիրն այսօր»-ի հետ զրույցում Սիրիայի Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրել է, որ ապստամբները հրկիզել են Հալեպի Նոր Գյուղ թաղամասի Հայկական Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին և վնասել Ազգային Մեսրոպյան վարժարանը:

Դեպքի առնչությամբ առավել մանրամասն տեղեկություններ առայժմ հնարավոր չի եղել պարզել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *