Նոյեմբերի 27-ին Կասպից ծովում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող Մի-17 ռազմական բեռնատար ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Ուղղաթիռը շահագործել է «Խազար» նավթային ընկերությունը: Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Ուղղաթիռում եղած 5 հոգին էլ (4-ը ԻՀՊԿ զինծառայող, 1-ը նավթային ընկերության աշխատակից) զոհվել են: Վթարի առաջացման պատճառները չեն հայտարարվել:
Մի-17-ը խորհրդային նախագծման Մի-8 բեռնատար ուղղաթիռի՝ արտահանման համար նախատեսված տարբերակն է։ Նախագծվել է 1975-ին: Անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 24 հոգի անձնակազմ։
Մի-17-ի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է, թռիչքի առաստաղը 5 000 մետր, կարող է անցնել մինչև 520 կմ հեռավորություն, զանգվածը շուրջ 7,2 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 տոննա։
Նշենք, որ Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռներն աշխարհի մոտ 50 երկրների սպառազինության մեջ են։ Մեկ միավոր Մի-17 ուղղաթիռի արժեքն է 14,75-17,5 մլն ԱՄՆ դոլար։
Pingback: Իրանում գերթեթև ուղղաթիռ է վթարվել. օդաչուն զոհվել է | Ռազմ.info