Նոյեմբերի 16-19-ը Իրանի հարավային Քիշ կղզում անցկացված Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է սեփական արտադրության յոթ անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
ԱԹՍ-ները նոր չեն, դրանցից յուրաքանչյուրը հանրությանն է ներկայացվել նաև նախորդ տարիների ընթացքում: Ստորև ներկայացնում ենք ԱԹՍ-ների բնութագրերը.
«Մոհաջեր-2» ԱԹՍ-ն մարտական է, կարող է կրել հրթիռներ, թռիչքի տևողությունը 6 ժամ է, առավելագույն արագությունը՝ 180 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 3400 մ, զանգվածը՝ 85 կգ:
«Մոհաջեր-4» ԱԹՍ-ն նույնպես կարող է կրել հրթիռներ, սարքի այս տարբերակի թռիչքի տևողությունը 5-7 ժամ է, առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ, թռիչքի առաստաղը` 4500 մ, զանգվածը՝ 175 կգ:
«Աբաբիլ-2» ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը մինչև 8 ժամ է, առավելագույն արագությունը 160 կմ/ժ, թռիչքի առաստաղը` 3000 մ:
«Աբաբիլ-3» ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը մինչև 8 ժամ է, առավելագույն արագությունը` 250 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 4500 մ:
«Յասիր» ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը 7-8 ժամ է, առավելագույն արագությունը` 200 կմ/ժ, թռիչքի առաստաղը`3500-4500 մ:
«Քյարար» ԱԹՍ-ն հարվածային է, կարող է կրել հրթիռներ, թռիչքի տևողությունը 7-8 ժամ է, առավելագույն արագությունը`900 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ մինչև 12 կմ:
«Համասեհ» ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը 24 ժամ է, թռիչքի առաստաղը`8500 մ, օգտակար բեռնատարողությունը՝ մինչև 60 կգ: Անօդաչուի արդիականցված տարբերակը կարող է կրել հրթիռներ: