Նոյեմբերի 15-ին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ռազմական ինստիտուտը նոր ավարտած սպան առաջնագծում ծառայության անցնելիս ստանում է ամսական մինչև 340–360 հազար դրամ աշխատավարձ: Նրա կարծիքով սա ռազմակրթական հաստատություններին մրցակցային առավելություն է տալիս քաղաքացիական բուհերի համեմատ:
Սակայն, ըստ նախարարի՝ ռազմական կրթական համակարգը մեկուսացված է հանրային կրթական համակարգից.
«Իրականում մենք ունենք մեծ բաց այդ համակարգում. այդ համակարգը չափազանց իզոլացված է, տարանջատված է մեր ընդհանուր ուսումնական համակարգից: Եվ տպավորություն է, որ մենք ստեղծել ենք որոշակի փակ տարածք, որտեղ ուսուցանում ենք կադրեր, և հետո զարմանում ենք, որ սպայական անձնակազմը բավականաչափ ինտեգրված չէ հասարակության մեջ, բավականաչափ հայտնի չէ հասարակությանը, և իմ կարծիքով դա սպայի կերպարի կերտման, հասարակության մեջ սպայի աշխատանքի նկատմամբ, ծառայության նկատմամբ խորը հարգանքի ձևավորման մեծ խնդիր է ստեղծում»:
Սարգսյանը նշեց նաև, որ երրորդ-չորրորդ կուրսերի կուրսանտների՝ զորանոցային ռեժիմում ծառայությունը որոշ խնդիրներ է ստեղծում. կուրսանտները չեն հասցնում սոցիալիզացվել, քանի որ ավարտելուն պես մեկնում են դիրքեր, և ընտանիք կազմելը մի քանի տարով ուշանում է:
Այդ խնդրի լուծման տարբերակ կարող է լինել բարձր կուրսերի կուրսանտներին ինստիտուտից դուրս բնակվելու հնարավորություն տալը. գուցե ապրեն ոչ թե զորանոցային, այլ հանրակացարային ռեժիմով։
Նախարարի մատնանշած մեկ այլ խնդիր է ռազմական ինստիտուտում լողավազանի ու ժամանակակից մարզադահլիճի բացակայությունը։ Մինչ այդ խնդիրը լուծվի, նա հանձնարարել է, որ կուրսանտները ՊՆ վարչական համալիրի լողավազանից և մարզադահլիճից օգտվեն:
Վ. Սարգսյանը նաև մտադիր է զինված ուժեր ներգրավել քաղաքացիական բարձրագույն կրթությամբ երիտասարդների: ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ ծրագիր է մշակվել, որով բուհերում սովորող և տարկետման իրավունք ունեցող երիտասարդները կարող են այցելել շաբաթ օրերն անցկացվող հատուկ դասընթացներ և բուհն ավարտելուց հետո 2-ամյա պարտադիր զինծառայությունն անցնեն որպես սպա՝ ստանալով նաև սպայի աշխատավարձ։
Ավելին. սպա դառնալու հնարավորություն է տրվում նաև պարտադիր զինծառայության ժամանակ իրենց գերազանց դրսևորած զինվորներին.
«Եթե մեզ մոտ ժամկետային զինծառայողը դրսևորում է իրեն ծառայության ընթացքում, զորամասում, նա կարող է շատ ավելի կարճացված համակարգով ստանալ սպայական մասնագիտություն, կրթություն, որակավորում և մնալ զորքերում»
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով, սակայն, Հայաստանում հասարակությունը բավարար տեղեկացված չէ այս ծրագրերի մասին, և նախարարությունն առաջիկայում նախատեսում է այս թեմայով հանդիպումներ անցկացնել ուսանողների հետ:
Հիշեցնենք, որ դեռ ապրիլյան պատերազմի օրերին շարքային-սերժանտական կազմի մի խումբ զինծառայողներ մարտական պայմաններում դրսևորած արժանիքների համար ստացել են լեյտենանտի սպայական կոչումներ և դասակի հրամանատարի պաշտոնում են շարունակում իրենց ծառայությունը:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության ոլորտի նոր ղեկավարության բազում անելիքների մասին վերլուծությունում Ռազմինֆոյի մասնագետները նշել էին նաև ռազմական կրթության որակի և գրավչության բարձրացման կարևորությունը: