Սիրիայի հրադադարի 4-րդ օրը

«Ռոյթերս» գործակալությունը հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, հայտնել է, որ Դամասկոսի Ջարամանա թաղամասի հացաթխման արտադրամասի մոտ ավտոմեքենայի պայթունի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ:

Կիրակի գիշերը և այսօր կառավարական զորքերը հրետակոծել են Դամասկոսի Քաբուն, Զամալկա և Իրբին թաղամասերը:

Կողմերը միմյանց մեղադրել են մահմեդական տոնի ժամանակ հրադադարը խախտելու մեջ: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Էիդի ընթացքում զինյալ ապստամբները Դեր Զորում, Հալեպում և Հոմսում անընդհատ խախտել են հրադադարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ասել է. «Ես խորապես հիասթափված եմ, որ կողմերը չեն հարգել կրակը դադարեցնելու կոչը: Այս ճգնաժամը չի կարող լուծվել զենքով ու արյունահեղությամբ»:

ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո իր ափսոսանքն է հայտնել հրադադարի խախտումների առնչությամբ: Հարցին, թե արդյո՞ք ՄԱԿ-ը խաղապահ ուժեր կուղարկի Սիրիա, նա պատասխանել է, որ առայժմ այդպիսի ծրագիր չկա:

Բրահիմին Մոսկվա կատարած այցից հետո մեկնելու է Պեկին: Չինաստանը ձգտում է ցույց տալ, որ կողմնակալ չի Սիրիայի ճգնաժամում և Սիրիայի կառավարությանը կոչ է արել բանակցել ապստամբների հետ և քաղաքական փոփոխությունների պահանջը բավարարելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Սիրիայի ապստամբ գործիչները, այդ թվում` Ազատ Սիրիայի բանակը, այսօր Ստամբուլում սկսել են եռօրյա քննարկումներ, որի արդյունքում փորձում են միավորել տարբեր խմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *