Զորավարժության ընթացքում Ռուսաստանը, Բելառուսը և Սերբիան չեզոքացրել են պայմանական ահաբեկիչներին

Սերբիայում անցկացվող համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի ԶՈւ զինծառայողները շրջապատել են պայմանական ահաբեկչական խմբավորման գրաված շինությունը և չեզոքացրել են հակառակորդին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության մասնակից զինծառայողներ

Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության մասնակից զինծառայողներ

Զորավարժության առաջին փուլի ընթացքում համատեղ ուժերը դեսանտավորվել են Սերբիայի օդանավակայաններից մեկում և շարժվել են պայմանական ապօրինի զինված խմբավորման զբաղեցրած տարածք, որտեղ պահվել են նաև պատանդներ: Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի ԶՈւ ստորաբաժանումները շրջապատել են զինված խմբավորման վերահսկած տարածքը:

Այնուհետ երեք երկրների մեկական հատուկ ստորաբաժանումներ Մի-8 բեռնատար ուղղաթիռներից դեսանտավորվել են «ահաբեկիչների» գրաված շենքի վրա և ազատել են պատանդներին: Նրանց տարհանումից հետո երեք երկրների համատեղ ուժերը Սերբիայի ԶՈւ հետևակի մարտական մեքենաների աջակցությամբ ոչնչացրել են պայմանական ահաբեկիչների ճամբարը:

Զորավարժությունը, սակայն, սրանով չի ավարտվել և շարունակվելու է մինչև նոյեմբերի 15-ը:

Ավելացնենք, որ Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 2-ին: Զորավարժության առաջին օրերին 3 երկրների դեսնտայիններն իրականացրել են մարտական տեխնիկան դեսանտավորման պատրաստելու վարժանքներ: Զորավարժությանը ընդգրկված են Ռուսաստանի զինված ուժերի 212 , Բելառուսի 56 և Սերբիայի 450 զինծառայող:

Մինչ այս՝ հոկտեմբերին, Ռուսաստանի և Սերբիայի ռազմաօդային ուժերը համատեղ անցկացրել են նաև «Բարս-2016» զորվարաժությունը, իսկ «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունն անցկացվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ այն անցկացվել է 2015թ. Ռուսաստանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *