Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Պաշտպանության բանակի կայքը մանրամասներ է ներկայացրել Արցախի կենտրոնական հատվածում անցկացված զորավարժության վերաբերյալ: Նոյեմբերի 4-ից 8-ը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի և մի շարք ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված զորավարժությանը անցկացվել են առաջնագծի վերականգնման վարժանքներ: Ավելի վաղ զորավարժության անցկացման մասին հայտնել էր Արցախի նախագահի կայքը:
Գնդային մարտավարական զորավարժության թեման է եղել «Զորամասերի դուրսբերումը մարտական կիրառման շրջաններ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում. վերախմբավորման իրականացում. պաշտպանական մարտի վարում. մխրճված հակառակորդի ջախջախում և առաջնագծի վերականգնում. դիրքերի բարելավման նպատակով հարձակողական մարտի վարում և նպաստավոր դիրքերի զբաղեցում»:
Նոյեմբերի 8-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետևել են Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Արցախի ռազմաքաղաքաղական ղեկավարության ներկայացուցիչներ:
Զորավարժության նպատակներից էին
- կատարելագործել կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարների ունակությունները պաշտպանական մարտում ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում,
- առաջադրված խնդիրների կատարման ընթացքում մարզել ներգրավված զորամասերի շտաբները,
- բարձրացնել պաշտպանական մարտի ժամանակ հրամանատարների որոշումներ ընդունելու, խնդիրներ առաջադրելու, ստորաբաժանումների ղեկավարման ու կրակի կառավարման գործնական ունակությունները,
- մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում մարտական խնդիրների կատարման ընթացքում հասնել գումարտակների, վաշտերի, դասակների և ջոկերի ներդաշնակ գործողությունների,
- անձնակազմի մոտ զարգացնել դիմացկունություն և մարտական խնդիրների կատարման համար բարոյամարտական ու կամային բարձր որակներ:
Զորավարժությունն անցել է ըստ նախատեսված պլանի, իսկ մասնակից անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն:
Զորախաղերի ընթացքում, տեղական հավատարմագրված մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար, պաշտպանության բանակում առաջին անգամ խաղարկվել է մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում լրագրողական գործունեություն իրականացնելու կարգը:
Զորավարժության ավարտին աչքի ընկած մի շարք զինծառայողներ Արցախի նախագահի և Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու արժեքավոր նվերներով: