Օրվա ամփոփում. հայկական կողմն անցել է պատժիչ գործողությունների, ԿԽ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

Այսօր հայկական մամուլն անդրադառնում է ոչ միայն դիպուկահարների կրակից զոհվածներին, այլև՝ սեփական աղբյուրներին հղում կատարելով գրում է, որ հայկական կողմի պատասխանը չի ուշացել և ադրբեջանցիները պատժից գործողությունների արդյունքում էական կորուստներ ունեն։  Այսօր կայացել է Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը։ Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ  գերիներին։ Տպագիր մամուլն անդրադարձել է զորմասերում ծավալվող առևտրին։ Պաշտպանության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին։

Նոյեմբերի 19-ին և 20-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանված Արենի և Միհրանի մահվան համար հայկական կողմը խստացացել էր վրեժ լուծել, ու մինչ տղաների դասընկերները մեկ րոպե լռությամբ հարգում են զոհերի հիշատակը՝ որոշ աղբյուրների հավաստմամբ, երեկ և այսօր հայկական բանակային կազմավորումները ադրբեջանցիների նկատմամբ իրականացնում են պատժիչ գործողություններ: Համաձայն նույն տեղեկության, հակառակորդը կրել է խոշոր կորուստներ:

Այսօր կայացել է Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ Արտակի մայրը հայտարարել է. «Նրանք սպանել են ոչ միայն Արտակին, այլ՝ ականատեսներին: Մեղավորներն այլ տեղում են»։ Հայտարարությունն արժանացել է 5 մեղադրյալների հարզատների ծափահարություններին, ովքեր էլ տեսակետ են հայտնել, որ 6 ամսվա զինծառայողը չէր կարող մարդ սպանել, այլ «ծեծել են իրենց տղաներին, որպեսզի նրանք «գրեն»»:

Իսկ Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնցից 3-ը զինծառայող են, իսկ 5-ը՝ մի ընտանիքի անդամներ. նրանց առողջական վիճակից մանրամասներ չեն հաղորդվում։

Զինծառայող որդի ունեցող ծնողներից մեկն էլ լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ շաբաթական երեք անգամ 1000-ական դրամանոց լիցքավորման քարտի կոդ է ուղարկում որդուն, որը հանձնելով զորամասի զինվորական թեյարանին՝ տղան ստանում է 700 դրամ, իսկ 300-ը ուղղվում է «թեյարանի բինեսի զարգացմանը»։

ՊՆ լրատվության բաժնի հաղորդմամբ էլ՝ Սեյրան Օհանյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին, ով շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները:

Սրանք այն թեմաներն էին, որոնք այսօր չէին վրիպել մամուլի ուշադրությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *