Օրվա ամփոփում. փորձագետ. պատերազմը թեպետ և ոչ ակտիվ կերպով, բայց շարունակվում է

Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում էին մնում օրերս ադրբեջանցի դիպուկահարների կրակից զոհված հայ զինվորների՝ Արենի և Միհրանի մասին պատմությունները։ Հասարակության ուշադրությունն էր գրավել նաև N զորամասում գրանցված միջադեպը, որի հետևանքով վրաերթի են ենթարկվել երկու զինծառայող։ Նոյեմբերի 22-ին հայտարարություններով են հանդես եկել փորձագետները։ Հայկական լրատվակայքերի ուշադրությունից չի վրիպել նաև ադրբեջանական մի հրապարակում, որի հեղինակները ծաղրել են սեփական քարոզչությունը։

Նոյեմբերի 19-ին և 20-ին ԼՂՀ դիրքերում թշնամու գնդակից զոհված Արենի և Միհրանի մասին կարելի է անվերջ խոսել. խոստումնալից երիտասարդներ էին, սակայն մամուլը նրանց մասին արդեն գրում է անցյալ ժամանակով՝ չմոռանալով շեշտել, որ «Արենը պարբերաբար խնդրում էր իրեն առաջին գիծ ուղարկել, իսկ նա ցանկանում էր օդաչու, ապա սպա դառնալ», իսկ Միհրանը դիպուկահար էր։ «Հաստատ այնտեղ ինչ-որ բան է եղել, որ նա դիրքերից դուրս է եկել, երևի ընկերներին փրկելու համար է արել։ Նա միշտ ասում էր, որ դիրքերում ավելի լավ է, քան զորամասում: Երբ բարձրանում էր դիրքեր, զանգում, մորն ասում էր. «Մամ ջան, արդեն հանգիստ քնի, ես դիրքերում եմ»»,- լրագրողի հետ զրույցում ասել է Միհրանի պապիկը:

Իսկ զորմասերից մեկում ուշագրավ դեպք է գրանցվել ։ Հայկ Հարությունյանը ընկերների հետ գնացել է զորամաս՝ նորակոչիկ եղբորը տեսակցելու, սակայն նրան «խանգարել» են վերակարգում ընդգրկված ծառայողները, որից էլ վիճաբանություն է ծագել. այն ավարտվել է ծեծկռտուքով և երկու զինվորների՝ վրաերթի ենթարկվելով։ Ծեծկռտուքի մասնակից 15 քաղաքացիներից 5-ը ՀՀ ՊՆ ՌՈ և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել։

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատերազմը ոչ թե կվերսկսվի, այլ կմտնի ակտիվ մարտական գործողությունների փուլ, քանի որ պատերազմն ընթացքի մեջ է: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նշել է, որ եթե պատերազմը վերսկսվի Ադրբեջանի կողմից, ապա հայկական կողմն այնքան պետք է առաջ գնա, որ վերջնականապես Ադրբեջանին զրկի  հետագայում հայկական կողմի նկատմամբ որևէ ոտնձգություններ իրականացնելու հնարավորությունից։

Իսկ  ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն այն համոզմունքին է, որ դիպուկահարների գործողություններն Ադրբեջանի համար բարոյալքությունը քողարկելու միջոց  են, քանի որ օրերս  նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե պատրաստ է խնդիրը լուծել ռազմական ճանանապարհով։

ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ ասել է, որ թող Ալիև կրտսերը  պատասխան տա իր նավթից չօգտված, բայց հոտից թունավորված ժողովրդին` թե ինչու են տուժվում իրենց զինծառայողները։ Պատգամավորի հայտարարությունը պայմանավորված է ՀՀ ՊՆ-ի հավաստիացմամբ, որ հայկական կողմի պատասխանը լինելու է հուժկու և անհամաչափ։

Ամփոփումն ավարտեմ ուրախ նոտայով և նշեմ, որ ադրբեջանական կողմը սկսել է հասկանալ, որ իրենց հայտարարությունները զավեշտի են հասնում։ Մասնավորապես, ադրբեջանցի լրագրողները ծաղրի առարկա են դարձրել իրենց ռազմատենչ հայտարարությունները, այն է. «Եթե գլխավոր գերագույն հրամանատարը հրամայի, ապա մենք պատրաստ են հայերին վռնդելու Ղարաբաղից»:

«Այնպես է ստացվում, որ բոլորը պատրաստ են դա անելու, իսկ Իլհամ Ալիևը չի հրամայում ու չի հրամայում»,- նշում է ադրբեջանցի հոդվածագիրը ՝ քննադատության ենթարկելով նաև հայ-ադրբեջանական շփման գծում պատի կառուցումը՝ ասելով, որ դրանով ցույց տվեցին իրենց վախը հայ զինվորից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *