Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որոշել է վերադարձնել Իսրայելին 4 տարի առաջ գնված 3 անօդաչու սարքերը, ինչպես նաեւ պահանջել դրամական փոխհատուցում` կնքված պայմանագիրը խախտելու համար` հաղորդում է թուրքական NTV հեռուստատեսությունը:
Համաձայն թուրքական աղբյուրների՝ 4 տարի առաջ Իսրայելից գնված անօդաչու սարքերի դիմաց Թուրքիան վճարել է 15 միլիոն դոլար, սակայն անօդաչու սարքերից մեկը կործանվել է թուրքիայի հարավ-արեւելքում, իսկ մյուս երկուսը` նորմալ աշխատել են ընդամենը 8 ամիս:
Անկարան պնդում է, որ համաձայն Իսրայելի հետ կնքված պայմանագրի, վաճառող կողմը պարտավոր էր թռչող անօդաչու սարքերը անսարքության դեպքում վերանորոգել, ինչն իսրայելական կողմը չի կատարել:
Իսրայելական Times Of Israel կայքը տեղեկացնում է, որ խոսքը Heron-1 անօդաչու թռչող սարքերի մասին է, սակայն իսրայելական կողմը պնդում է, որ չգիտի եւ չի հասկանում թե կոնկրետ ինչ է պահանջում թուրքական կողմը: