Այս տարվա վերջին նախատեսված է ավարտել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի համար նախատեսված նոր, հեռահար հրթիռների փորձարկումները:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը:
Լրատվակայքի հաղորդմամբ՝ նոր հրթիռը կարող է ոչնչացնել հակառակորդի ամրաշինական կառույցները, կենդանի ուժը և զրահատեխնիկան՝ արձակվելով 10 կմ հեռավորության վրա:
Ինչպես փոխանցում է լրատվակայքը՝ չնայած հեռահար հրթիռի հստակ բնութագիրը դեռևս հայտնի չէ, սակայն իրենց տվյալներով հրաձգության հեռավորությունը ավելի հին՝ М0.1.01.04М հրթիռի համեմատ աճել է 1,5-2 անգամ՝ 5-6-ից մինչև 10 կմ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 միլիոն դոլարի պայմանագրով պատվիրված սպառազինության ցուցակի մեջ առկա են նաև ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր:
«Իզվեստիյայի» փոխանցմամբ համակարգն արդեն առկա է նաև Հայաստանի սպառազինության մեջ:
Ավելի վաղ այս համակարգերից գնել է նաև Ադրբեջանը, սակայն 2016-ի ապրիլին այս համակարգերն օգտագործելու Ադրբեջանի փորձերը ձախողվել են. Պաշտպանության բանակը խոցել է հրանետներից մեկը, ինչից հետո Ադրբեջանի զինուժն այլևս չի կիրառել դրանք: