Թուրքիայի զինուժը հետևակային ստորաբաժանումներ չի ուղարկի Սիրիա. Թուրքիայի ՊՆ

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը լրագրողներին հայտարարել է, որ այժմ Թուրքիան չի նախատեսում զինված ուժերի հետևակային ստորաբաժանումներ ուղարկել Սիրիայի տարածք, որտեղ օգոստոսի 24-ից մեկնարկել է «Եփրատի վահան» գործողությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

«Թուրքիան այդ գործողության շրջանակներում լիովին աջակցելու է «Սիրիական ազատ բանակին», բայց գործողությանը Թուրքիայի զինված ուժերի հետևակն ընդգրկելու պլաններ չկան», — ասել է Ֆիքրի Ըշըքը:

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնել էր, որ Հալեպից հյուսիս ընկած Էլ–Բաբ բնակավայրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից «մաքրելու» գործողությունը իրականացնելու համար, բացի Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներից, տանկերից և ռազմական ինքնաթիռներից, Սիրիա են ուղարկվելու նաև հետևակային ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ից սկսել է Էլ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը, որին մասնակցում է շուրջ 2500 զինծառայող: Էլ-Բաբը Հալեպի հյուսիսում ԻՊ հսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրն է:

Հիշեցնենք օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի նիստին ընդառաջ հայտարարել է, որ «Թուրքիային ասում են Էլ-Բաբ մի շարժվեք, սակայն մենք որտեղ պետք լինի՝ այնտեղ էլ գնալու ենք»՝ վերահաստատելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի համար «անվտանգության գոտի» ստեղծելու մտադրությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *