Շարքայինն ու կապիտանը մեղադրվում են դրամաշորթության համար

ՀՀ ՊՆ N զորամասի կապիտանն ու շարքային զինծառայողը մեղադրվում են արձակուրդ տրամադրելու դիմաց 3 այլ շարքային զինծառայողներից 15 000-ական դրամ շորթել փորձելու համար։ Այդ մասին հայտնում է News.am-ը։

Սպային մեղադրանք է առաջադրվել առ այն, որ վերջինս շարքայինի միջնորդությամբ փորձել է իր 3 ծառայակիցներից գանձել 30 000 դրամ գումար: «Միջնորդ» զինծառայողն իր հերթին մեղադրվում է նույն գումարի գանձումն իրականացնելու համար: Գանձելով գումարը՝ նա ակնկալել է ստանալ ևս 5000-ական դրամ՝ ծառայակիցների վերադարձից հետո:

Քրեական գործը հարուցվել է ըստ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին կետի (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել): Հոդվածը ենթադրում է 2-5 տարվա ազատազրկում:

Գործով առաջին դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *