Սեպտեմբերի 5-ի երեկոյան Թուրքիայի զինուժը ավիահարվածներ է հացրել Իրաքի հյուսիսում քրդերի (PKK) դիրքերին և հրետանիով հարվածել է Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Այս մասին հայտնում է Թուրքիայի «Անադոլու» պետական գործակալությունը:
Իրաքում Թուրքիայի օդուժի հարվածներից չեզոքացվել է քրդական PKK-ի 12 դիրք, որոնք տեղակայված են եղել երկրի հյուսիսային Մեթինա և Հաքուրք նահանգներում: Քրդերի դեմ այս ավիահարվածները հերթական են:
Սիրիայի հյուսիսային հատվածում էլ Թուրքիայի հրետանու գործողությունները, ըստ պաշտոնական աղբյուրի, ուղղված են եղել սահմանամերձ գյուղերում ԻՊ զինյալների դիրքերի ոչնչացմանը: Այդ նպատակով Թուրքիայի զինուժը Fırtına («Ֆըրթընա») հաուբիցներով մոտ 100 անգամ կրակել է ահաբեկչական խմբավորման 9 դիրքերին:
Չնայած դրան՝ Սիրիայի հյուսիսային հատվածների վերաբերյալ Թուրքիայի հիմնական մտահոգությունը քրդերն են, որոնք վերահսկում են այդ տարածքների մի մասը: Թուրքիան թույլ չի տալիս, որ քրդերը կապ ստեղծեն Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում իրենց վերահսկած տարածքների միջև, քանի որ այդ դեպքում թուրք-սիրիական սահմանի գրեթե ամբողջ երկայնքով վերահսկողությունը կանցնի քրդերին: