Վրաստանի «Օրփոլո» և «Վազիանի» զորավարժարաններում մեկնարկել է Agile Spirit 2016 միջազգային զորավարժության ակտիվ փուլը: «Օրփոլոյում» անցկացվում են դաշտային և կրակային պարապմունքներ, իսկ «Վազիանիում» անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժությունը:

Վրաստանում անցկացվող Agile Spirit 2016 զորավարժության հրամանատարաշտաբային վարժանքները. ներկա է նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը (կենտրոնում)
«Վազիանիում» անցկացվող վարժանքների ժամանակ խաղարկվում է տարբեր երկրների ստորաբաժանումներից բաղկացած բրիգադի կազմով մարտի վարման սցենարը:
Միաժամանակ «Օրփոլո» զորավարժարանում անցկացվող զորավարժության ժամանակ անցկացվում են հարձակողական, պաշտպանական և նահանջի գործողություններ, կատարելագործվում են անձնակազմերի կրակային և մարտավարական հմտությունները:
Զորավարժությանը ներգրավված է նաև ԱՄՆ զինուժի՝ Բուլղարիայից Վրաստան բերված սպառազինությունը, այդ թվում՝ LAV-25 զրահափոխադրիչներ, Humvee զրահամեքենաներ և М777 հաուբիցներ:
Միջազգային զորավարժությանը, Վրաստանի զինուժի ստորաբաժանումներից բացի, մասնակցում են նաև ԱՄՆ, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Լատվիայի զինծառայողներ: