Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Մոսկվայում մեկնարկում է «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդես-ֆորումը, որին մասնակցելու է նաև Հայաստանը՝ ռազմարդյունաբերական 5 ձեռնարկությունների արտադրանքով:

Ներկայացված զրահատեխնիկան Ռուսաստանում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսներից մեկի ժամանակ (արխիվ)
Երկրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսին իրենց արտադրանքն են ներկայացնելու հիմնականում Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունները, այդ թվում՝ «Ուրալվագոնզավոդը», «Կալաշնիկովը», ինչպես նաև մասնակցելու են արտասահմանյան ընկերություններ:
Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցելու են նաև Հայաստանի 5 ռազմարդյունաբերական ընկերություններ, ինչպես նաև ձեռնարկություններ Իսրայելից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից: Ընդհանուր առմամբ ֆորումին և ցուցահանդեսին ներկա են լինելու մի քանի տասնյակ պետությունների պատվիրակություններ:
Ռուսաստանյան ընկերությունների մի մասն արդեն հայտարարել է, թե ինչ արտադրանք է ներկայացնելու: Մասնավորապես զրահատեխնիկա նախագծող ու արտադրող «Ուրալվագոնզավոդը» հայտարարել է, որ ներկայացնելու է Տ-72Բ3, Տ-90ՄՍ տանկեր, «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցներ և ընդհանուր մոտ 50 տեսակի այլ զրահատեխնիկա: «Կալաշնիկով» կոնցերնն իր հերթին խոստացել է ներկայացնել իր նախագծած երկու նոր դիպուկահար հրացանների նախատիպերը, ինչպես նաև բազմանպատակային զրահապատ ռոբոտ:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 11-ը:
Pingback: «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացվելիք հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը | Ռազմ.info