Թուրք–քրդական բախումներում 3 օրում սպանվել է առնվազն 25 թուրք ուժային

Սեպտեմբերի 2–5-ին թուրք-քրդական զինված բախումներն աչքի են ընկել վերջին շրջանի համեմատ Թուրքիայի ԶՈւ և այլ ուժային կառույցներից մեծ թվով սպանվածներով: Թուրքական աղբյուրները հայտնել են առնվազն 25 սպանվածի մասին:  Տվյալները հրապարակել են (1, 2, 3, 4, 5, 6, 7) թուրքական «Դողան» և պետական «Անադոլու» գործակալությունները:

Սեպտեմբերի 3-ին Չուքուրջայում սպանված Թուրքիայի ԶՈւ երկու հատուկջոկատայինների հուղարկավորություն

Սեպտեմբերի 3-ին Չուքուրջայում սպանված Թուրքիայի ԶՈւ երկու հատուկջոկատայինների հուղարկավորություն

Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Մարդին գավառում քրդերի հետ զինված բախումներում սպանվել են Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ինչպես նաև՝ 2 գյուղական պահապան: Եվս երկու ուժային վիրավորվել է: Քրդական կողմի կորուստների մասին թուրքական աղբյուրները տվյալներ չեն հաղորդել:

Սեպտեմբերի 3-ի առավոտյան Վանում և Իրաքին ու Սիրիային սահմանակից Չուքուրջա նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում, թուրքական կողմի հայտարարությամբ, սպանվել էին առնվազն 20 զինծառայող և ուժային: Սակայն օրվա ընթացքում թուրքական կողմի կորուստները ավելացել են: Նշված 20-ից 8-ը սպանվել են Վանում, իսկ 12-ը՝ Չուքուրջայում: Բացի այդ խոսվում է նաև տասնյակ վիրավորների մասին:

Այսօր Չուքուրջայում սպանվել են Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայող: Թուրքական զինուժը շարունակում է զրահատանկային, մոտոհրաձգային և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ ռազմական գործողությունները քրդերի դեմ՝ կիրառելով նաև ավիացիա:

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին քրդական ANF News գործակալությունը հայտնել էր Վանում և Չուքուրջայում սպանված 22 և վիրավոր՝ 21 թուրք ուժայինների մասին:

Սեպտեմբերի 4-ին թուրքական աղբյուրները իրենց հերթին հայտնել են նույն օրը շուրջ 100 քուրդ զինյալի սպանության մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *