Ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանի զինուժը նոր, ավելի հզոր զինատեսակներ չի գնել: Այս մասին հայտարարել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում:
«Ձեռք են բերվել նմուշներ լրացնելու իրենց ծախսերը, իրենք պակասները, բայց ավելի հզոր միջոցներ ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանի կողմից ձեռք չեն բերվել», — նշել է Մնացականյանը:
ՊԲ հրամանատարը հայտնել է, որ իրենք ուսումնասիրում են, թե ինչպիսի սպառազինություն է գնում Ադրբեջանը և թե ինչ նպատակներով, ինչ ուղղություններով այդ զինատեսակները կարող են կիրառվել: Այդ ամենից ելնելով էլ Պաշտպանության բանակում կատարվում են զորքերի պատրաստության և մարտավարության որոշակի փոփոխություններ:
Մնացականյանը նշել է նաև, որ ներկայում առաջնագծում կուտակումներ չկան:
«Եթե համեմատելու լինենք նախքան ապրիլյան գործողությունները և ապրիլյան գործողություններից հետո դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները, ներթափանցման փորձերը, զենքերի և զինատեսակների կիրառումը, իհարկե, հիմա ծավալներով անհամեմատ քիչ են», — նշել է ՊԲ հրամանատարը:
Ըստ Մնացականյանի, ներկայում հակառակորդն առաջնագծում կիրառում է խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ և այլ հրաձգային զինատեսակներ:
Բայց դրան զուգահեռ վերջին ամիսների հակառակորդն անցկացնում է հարձակողական թեմատիկայով օպերատիվ-մարտավարական, գումարտակային զորավարժություններ, հրետանու կրակի կառավարման զորավարժություններ, առաջնագծում անցկացնում է հրաձգային և տանկային ստորաբաժանումների մարզումներ:
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես եզրակացրել եմ, որ հակառակորդը պատրաստվում է հետագա հավանական հարձակողական գործողությունների, առնվազն դրա հնարավորությունը կա», — նշել է Մնացականյանը՝ խոսելով հակառակորդի մարզումների և զորավարժությունների մասին:
Ստորև Լևոն Մնացականյանի հարցազրույցն ամբողջությամբ.
Pingback: Ապրիլի մարտերից հետո ՊԲ-ն շեշտը դնում է տեխնիկական հագեցվածության վրա. Մնացականյան | Ռազմ.info