Ռուսաստանում ՌԷՊ համակարգով ԱԹՍ-ներ կստեղծեն

Առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում ռուսաստանյան ԿՌԷՏ («КРЭТ») կոնցերնը մտադիր է ստեղծել այնպիսի անօդաչու թռչող սարք, որի վրա կարող է տեղադրել ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ: Այս մասին ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է կոնցերնի փոխտնօրեն Յուրի Մաևսկին:

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն (արխիվ)

Պաշտոնյան նշել է, որ ներկայում աշխարհում ԱԹՍ-ները կիրառվում են հետախուզական կամ հարվածային նպատակներով, իսկ իրենք մտադիր են զարգացնել նաև անօդաչուները ռադիոէլեկտրոնային պայքարի համար կիրառելու հնարավորությունները:

Այդ նպատակով կոնցերնն իր մշակումներն իրականացնում է երկու ուղղություններով՝ անմիջապես ԱԹՍ-ների պաշտպանություն հակառակորդի ՌԷՊ միջոցներից և հակառակորդի ռադիոէլեկրոնային միջոցների ճնշման համար ԱԹՍ-ների վրա սարքավորումների տեղադրումը:

Մինչ այդ, ըստ «ՏԱՍՍ» գործակալության, ռուսաստանյան բանակում օդից ռադիոէլեկտրոնային պայքարի համար կիրառվում են Մի-8ՄՏՊՌ-1 ուղղաթիռներ, որոնցից երկրի բանակը 2016թ. պետք է ստանար 10 հատ:

Նշենք, որ Ռուսաստանում հիմա փորձում են առաջ անցնել անօդաչու թռչող սարքերի նախագծման ու արտադրության ոլորտում, քանի որ գիտակցում են, որ հետ են մնացել համաշխարհային առաջատարներից:

Մասնավորապես 2015-ին Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Ռուսաստանը հետ է մնացել այնպիսի կարևոր հեղափոխությունից, ինչպիսին անօդաչու թռչող սարքերի և ռոբոտիզացված համակարգերի նախագծումն է, և հիմա Ռուսաստանը հետևից հասնողի դերում է:

Դրանից հետո երկրի մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ սկսեցին ակտիվորեն ներկայացնել իրենց մշակումներն այդ ոլորտում, հայտնվեցին ինչպես հենց ԱԹՍ-ներ, այնպես էլ տարբեր նշանակության զրահապատ ռոբոտներ:

«Կալաշնիկովի» ստեղծած «Սորատնիկ» զրահապատ ռոբոտ

«Կալաշնիկովի» ստեղծած «Սորատնիկ» զրահապատ ռոբոտ

One response to “Ռուսաստանում ՌԷՊ համակարգով ԱԹՍ-ներ կստեղծեն

  1. Pingback: Ռուսաստանը սպառազինության ոլորտում հավասարվել է աշխարհի առաջատար բանակների հետ. Բորիսով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *