Ադրբեջանական սադրիչը վտարվել է Հայաստանից

Panorama.am կայքը հայտնում է, որ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործողության փորձը:
ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ, սեպտեմբերի 24-ին ՀՀ իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը` հայտնելով, թե պատրաստ է ԱՄՆ 20 հազար դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերն Օտաժոնովը հիմնավորել է նրանով, որ 2012թ. ընթացքում աշխատել է Բաքվի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նա ատելությամբ է լցվել ադրբեջանցիների հանդեպ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ մարմիններին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ և նրա գործողությունները սադրիչ նպատակ են հետապնդում: Ադրբեջանական կողմի այս քայլերի նպատակ է միջազգային տարբեր ատյաններում և ԶԼՄ-ներում իրականացվող հակահայկական քարոզչությունում Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող և հովանավորող երկիր,- տեղեկացնում է Panorama.am կայքը:

Ուշագրավ է, որ Զ. Օտաժոնովին Հայաստան ուղարկելը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու ու հերոսացնելու արդյունքում քաղաքական դժվարին իրավիճակում հայտնվելու ժամանակաշրջանում:

Այսպիսով, Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին` միջազգային հանրության շրջանում Ռ. Սաֆարովի շուրջ ստեղծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը բազմիցս հայտարարել և ապացուցել է, որ ահաբեկչական ցանկացած գործողություն անընդունելի և դատապարտելի է, այդուհանդերձ ադրբեջանական կողմն իր գործած հանցանքները հնարավորինս կոծկելու համար դիմել է նման անհեթեթ արկածախնդրության: Զ. Օտաժոնովը վտարվել է Հայաստանի Հանրապետությունից:

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *