Այսօր` հոկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով նրա հանձնարարականը` միջոցներ ձեռնարկելու բանակ զորակոչված զինվորներին իրենց թույլատրված կամ արգելված ծառայության ձևերի մասին լիարժեք տեղեկանալու համար: Այդ մասին գրում է PanARMENIAN.Net-ը:
Խնդիրն այն է, որ այսօր «ոչ շարային» կամ «շարային սահմանափակումներով» ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողը չգիտի իր համար վտանգավոր ծառայության տեսակները, այնինչ ՀՀ Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:
Վերոնշյալ սահմանադրական իրավունքի ոտնահարումը բացասաբար է ազդում ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ ընդրգկելու խնդրի կարգավորման վրա։
Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախատեսվում է երեք տեսակի ծառայություն՝ «շարային ծառայություն», «ոչ շարային ծառայություն» և «շարային ծառայություն սահմանափակումներով», այսինքն՝ քաղաքացիների համար վերոնշյալ պարտականությունները նախատեսված են միայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և ամրագրված չեն որևէ օրենքով: Վերոնշյալը հաստատվել է նաև ՀՀ պաշպանության նախարարից ստացված պատասխանի ուսումնասիրությունից, այնինչ, համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Բացի այդ, զինապարտները, նախքան զինվորական ծառայության անցնելը, համապատասխան բժշկական հանձնաժողովների կողմից ենթարկվում են փորձաքննության, սակայն որպես իրավական մեխանիզմ այդ երեք բժշկական հանձնաժողովներից որևէ մեկի համար չի սահմանվում գործառույթ` տրամադրելու եզրակացություն, թե զինապարտին զինվորական ծառայության որ ձևերն են հակացուցված: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ յուրաքանչյուր նորակոչիկի զորակոչվելուց 1-2 օր հետո կրկին նշանակվում և անցկացվում է բժշկական քննություն բուժծառայության պետերի կողմից և արդյունքները գրավոր զեկուցվում են զորամասերի հրամանատարներին, սակայն նշված պատասխանով չի հստակեցվում, թե իրավական որ ակտով է կարգավորվում սույն բժշկական քննության 1-2 օրում անցկացումը, և թե այն ինչ ազդեցություն է ունենում մինչ այդ երեք բուժմարմինների կողմից կայացված որոշումների վրա, որոնք հանդիսանում են վարչական ակտեր: Այսինքն՝ պարզ չէ, թե որ բուժզննման արդյունքներն են համարվում որպես հիմք զինծառայողին այս կամ այն ծառայությանը պիտանի ճանաչելու համար։
Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ը, ՄԻՊ-ը վարչապետին խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները լուծելու համար: