Սեպտեմբերի 29-ին Աֆղանստանի Վարդակ նահանգի Սայիդաբադ շրջանի Սիսայ գյուղի անցակետի մոտ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի և երկրի ազգային բանակի զինծառայողների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ամերիկյան բանակի 2 մարտիկ (մեկ զինծառայող, մեկ վարձկան) և 3 աֆղանացի, չորսը վիրավորվել են: Ամերիկյան ու աֆղանական աղբյուրները դեպքի մասին հակասական տեղեկություներ են հաղորդում:
«Վաշինգթոն Փոստը» հայտնում է, որ ամերիկացիների ջոկատը Սիսայ գյուղի մոտ ժամը 16:00-ին պարեկային ծառայություն է սկսել: 20 զինծառայողներից բաղկացած ջոկատը մոտեցել է աֆղանական անցակետին, որտեղ գյուղացիներից մատնահետքեր և բիբի թվալուսանկարումներ են վերցրել` հետագայում ապստամբներին բացահայտելու նպատակով:
Կենսաչափական տվյալներ վերցնելու ժամանակ աֆղան զինվորներից մեկը կրակ է բացել ամերիկացիների վրա: Ըստ ամերիկացիների` դեպքը կարելի է որակել որպես «կանաչը կապույտի վրա» հարձակում: Այս եզրը ծագել է ամերիկյան ռազմական քարտեզներից, ուր կապույտով նշած են սեփական զորքերը, կանաչով` դաշնակիցները, կարմիրով` հակառակորդը։ Ըստ այդմ աֆղանական բանակի զինծառայողների և ոստիկանների՝ ամերիկացիների վրա վերջերս հաճախացած հարձակումները սկսել են անվանել «կանաչը կապույթի վրա» (green-on-blue) հարձակումներ։
Վարդակ նահանգում աֆղանստանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ Աբդուլ Ռազիքը հերքել է, թե իր զինվորը նախահարձակ է եղել և կրակել ամերիկացիների վրա: Ըստ նրա` ամերիկացիները, շփոթելով աֆղանացի զինվորներին թշնամու հետ, սխալմամբ կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Ռազիքը մասնավորպես ասել է. «Երբ ամերիկացին գետին է ընկել, նրա զինակիցները ենթադրել են, որ սա «կանաչի» հարձակում է «կապույտի» վրա, և կրակել են: Ես շատ ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավում եմ ինչպես ամերիկացի, այնպես էլ աֆղան զոհերի համար»:
Գեներալը միաժամանակ գոհունակություն է հայտնել, որ սա թյուրիմացություն է, այլ ոչ թե կանխամտածված հարձակում:
Ամերիկյան ռազմական մի պաշտոնյա ասել է, որ չի բացառում, որ թալիբանները փորձել են աֆղան զինվորներին օգտագործել դարանակալման նպատակով, բայց դա հաստատող փաստեր առայժմ չկան:
ՆԱՏՕ-ն և աֆղանական բանակը համատեղ քննություն են իրականացնում:
ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պնդում են, որ թեև «կանաչը-կապույտի վրա» հարձակումների դեպքերը ավելացել են, սակայն աֆղան զորքերի հետ հարաբերություները լավ են: