Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի: Ավելի վաղ նշվում էր 9 զոհերի և 32 վիրավորների մասին: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Այսօր՝ ավելի վաղ, պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան պայթել է Բաղդադի Ռաշիդիյա թաղամասում, որտեղ հիմնականում բնակվում են մուսուլմանական շիա ուղղության դավանողներ: Պայթունի համար դեռևս ահաբեկչական ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել իր վրա:

Հուլիսի 3-ի Բաղդադի ահաբեկչությունը, ինչի արդյունքում զոհվել էր 292 մարդ: Լուսանկարը՝ َََAP գործակալության
Մի քանի օր առաջ էլ՝ հուլիսի 3-ի գիշերը, Բաղդադում պայթեցվել էր ականապատված մեքենա, ինչը խլել էր 292 մարդու կյանք: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:
Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչև հիմա:
Կազմակերպության դեմ պայքարում են ինչպես Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան, Ռուսաստանը, Իրանը:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան