Հուլիսի 5-ին Թուրքիայի հյուսիս-արևելյան Գիրեսուն նահանգի Ալուջրա գավառում դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է Թուրքիայի ԶՈւ Sikorsky S-70 ուղղաթիռ, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, ևս 8-ը՝ վիրավորվել և հոսպիտալացվել: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում:
Ուղղաթիռում գտնվել է 11 զինծառայող, այդ թվում նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ ժանդարմերիայի շրջանի հրամանատար, գեներալ-մայոր Մուսթաֆա Դողրուն, 1 գնդապետ, 2 մայոր, ինչպես նաև զինծառայողների կանայք ու երեխաները: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Ավելի վաղ Գիրեսուն քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ վթարի հետևանքով մահացել է 2 գնդապետ:
Վթարից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել, հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը: