Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարը ԱՄՆ նախագահին հրահրել է պատերազմի

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլովի (Philip Breedlove) անձնական էլեկտրոնային փոստի առևանգման և նամակների հրապարակումից հետո օրերս հայտնի են դարձել զինվորականի մտադրությունները՝ ճնշում գործադրել ԱՄՆ նախագահի աշխատակազմի վրա, որպեսզի Օբաման Ուկրաինայի հարցում խորացնի առճակատումը Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է ամերիկյան The Intercept պարբերականը հուլիսի 1-ին:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլով

Խոսքը 2014-2015-ին Ուկրաինայի ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ ժամանակ չի տրվել ԱՄՆ կոնգրեսականների և զինվորականների ճնշումներին, որոնք պնդել են, որ Ուկրաինային պետք է «մահացու սպառազինություն» տրամադրել («ոչ մահացու» են օժանդակ տեխնիկան և սարքավորումները, որոնք լայն առումով նույնպես սպառազինություն են, բայց չեն կրակում, չեն սպանում: Այս դեպքում Ուկրաինային փոխանցված «ոչ մահացու» սպառազինությունը զրահապատ մեքենաները և հետախուզական ԱԹՍ-ներն էին):

Ըստ հոդվածի՝ Օբաման խուսափել է «մահացու սպառազինություն» փոխանցելուց, քանի որ դրանով կավելացներ բռնությունները և կարդարացներ Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա:

Բրիդլովն ԱՄՆ նախագահի աշխատակազմի դիրքորոշմանը հակադրվել է նաև ԱՄՆ կոնգրեսում ելույթների ժամանակ, ինչը գեներալի և նախագահի առճակատման մասին խոսակցությունների առիթ է տվել: Բայց գեներալի էլեկտրոնային փոստի նամակներից հայտնի է դարձել ավելին՝ Բրիդլովը լոբբինգի միջոցով փորձել է ԱՄՆ նախագահի աշխատակազմին համոզել, որ վերջինս Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմ սկսի Ուկրաինայում:

Բրիդլովի 2014թ. նամակագրություններից մեկը եղել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի (Colin Powell) հետ, ումից գեներալը խորհուրդ է հարցրել՝ ինչպես խնդիրը ձևակերպել այն դեպքում, երբ բոլորի ուշադրությունը «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» վրա է (այդպես էր նախկինում կոչվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը), և ինչպես աշխատել անմիջապես Օբամայի հետ:

Բրիդլովի նամակը Քոլին Փաուելին

Բրիդլովի նամակը Քոլին Փաուելին

ԱՄՆ նախագահի աշխատակազմի վրա ազդելու համար գեներալը ներգրավել է նաև նախկին զինվորականների ու փորձագետների:

Ամերիկյան Atlantic Council ուղեղային կենտրոնի փորձագետներից Հարլան Ուլմանին (Harlan Ullman) ուղղված նամակներից մեկում էլ Քոլին Փաուելի հետ նամակագրության մասին գեներալը գրում է. «Այդուհանդերձ նրան իմ առաջին խնդրանքն այն էր, որ ինձ օգնի ակտիվացնել հետաքրքրությունը Եվրոպա / ՆԱՏՕ հարցերի վերաբերյալ ընդհանուր առմամբ: Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահը մեզ ընկալում է որպես վտանգ, որը պետք է նվազեցնել»:

Հրապարակվել է նաև Բրիդլովի նամակը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ուեսլի Քլարկին (Wesley Clark), որում Բրիդլովը Քլարկին խնդրում է օգնել իր հարցով, այն է՝ ազդել ԱՄՆ իշխանությունների վրա՝ «ռուսամետ անջատողականների» դեմ պայքարում Ուկրաինայի բանակին օգնություն ցուցաբերելու համար:

The Intercept-ի համաձայն՝ Ֆիլիպ Բրիդլովը հրաժարվել է մեկնաբանել իր նամակագրությունների մասին տեղեկությունները: 2016թ. մայիսին նա ազատվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2013-ի մայիսից, իսկ 2016թ. հուլիսի 1-ին զորացրվել է ծառայությունից:

Փորձագետ Ֆիլիպ Կարբերը (Phillip Karber), ով Ուկրաինայի վերաբերյալ հաճախ խորհրդատվություն է իրականացրել գեներալ Բրիդլովի համար, լրատվամիջոցին տեղեկացրել է, որ իր հետ զրույցում Բրիդլովը հաստատել է էլեկտրոնային փոստի առևանգումը: Բրիդլովն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ կառավարությանը և խնդրել է հետաքննել գործը, սակայն պատասխան չի ստացել:

The Intercept-ի հոդվածը նշում է, որ եվրոպական մամուլում Բրիդլովը հայտնի է որպես Ուկրաինական անջատողականների դեմ առավել խիստ առճակատման կողմնակից:

Ավելին, ամերիկացի գեներալն անակնկալի է բերել եվրոպական դաշնակիցներին, հայտարարելով, որ ռուսամետ անջատողականները հազարավոր մեքենաներով ու տեխնիկայով, զինանձնակազմով են համալրվել: Ավելի ուշ գերմանական կողմը, սակայն, տեղեկացրել է, որ Բրիդլովի թվերը չափազանցված են, իսկ Ուկրաինայի սահմանին մոտ տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները նոր չեն, դրանք այնտեղ են եղել մինչև հակամարտության սկսվելը:

Նամակներից երևում է, որ «հետախուզական» տվյալները Բրիդլովը ստացել է մասնավորապես նաև վերը նշված փորձագետից՝ Ֆիլիպ Կարբերից, որը հաճախակի նամակներ է ուղարկել «ձեր հարցմանն ի պատասխան»  վերնագրով:

[Այստեղ հետաքրքիր է, որ Ուկրաինայի հարցով վերլուծություն ԱՄՆ գեներալը գերադասել է ստանալ ոչ թե հետախուզությունից, այլ փորձագետից, որը ոչ միայն Ուկրաինայի, այլև ժամանակին Չինաստանի վերաբերյալ իր անհիմն ու կեղծ վերլուծությունների համար արժանացել է խիստ քննադատության]:

Նամակներից մյուսում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ուեսլի Քլարկը գեներալ Բրիդլովին գրում է, թե ինչ սպառազինություն կուզենային ստանալ Ուկրաինայի իշխանությունները: Միաժամանակ Քլարկը Բրիդլովին խորհուրդ է տալիս, որ վերջինս խրախուսի Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի ուկրաինական կողմը վարձի «փիառի և ճգնաժամային կոմունիկացիաների» առաջնակարգ ընկերությունների: «Ինֆորմացիոն պատերազմում նրանք ճիշտ գործիքների կարիք ունեն», — ավելացնում է Քլարկը:

Եվ Ուկրաինայի կառավարությունը նման պայմանագիր կնքում է APCO Worldwide ընկերության հետ, որը կապեր ունի ԱՄՆ երկու խոշոր կուսակցությունների հետ և կարող է որոշակի ազդեցություն ունենալ որոշում ընդունողների վրա:

2015-ի փետրվարին փորձագետ Կարբերը գեներալ Բրիդլովին գրել է, որ Պակիստանը ներքին կարգով Ուկրաինային առաջարկել է 500 միավոր TOW-II կրովի հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներ, սակայն վաճառքի համար անհրաժեշտ է ԱՄՆ թույլտվությունը (զինատեսակը ամերիկյան արտադրության է, իսկ զենքի շուկայում վերավաճառքի համար սովորաբար անհրաժեշտ է լինում արտադրողի թույլտվությունը): Կարբերն ավելացնում է, որ ավելին՝ Պակիստանը թույլտվության համար չի էլ դիմի ԱՄՆ-ին, եթե վստահ չլինի, որ ստանալու է զենքը վերավաճառելու թույլտվությունը:

The Intercept պարբերականի հոդվածագիրներին Կարբերն ավելի ուշ տեղեկացրել է, որ Պակիստանը հակատանկային համալիրներն այդպես էլ չի վաճառել Ուկրաինային:

Ինչ վերաբերում է ԱՄՆ գեներալ Բրիդլովին, ապա վերջին շրջանի մամուլի հրապարակումների համաձայն՝ նա կողմնակից է Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար Ռուսաստանի հետ երկխոսության տարբերակին, թեև վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն պիտի ուժեղ լինի Ռուսաստանի հետ մրցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *