Հունիսի 27-ին Վրաստան ժամանած ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության պատվիրակությանը պաշտպանության նախարարությունում ընդունել են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և պաշտպանության նախարարի տեղակալ Բեսիկ Լոլաձեն: Պատվիրակության այցը կապված է Վրաստանում անցկացվելիք «Jackal Stone» (բառացի՝ շնագայլի քար) հատուկ գործողությունների ուժերի զորավարժության հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը :
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պատվիրակության այցի նպատակն է քննարկել զորավարժության նախապատրաստման ընթացքի հարցերը: Վարժանքներին մասնակցելու է մինչև 500 ամերիկացի զինծառայող և Վրաստանի ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության 130 զինծառայող: Վրաստանի պաշտպանության նախարարությունը մասնակցում է լոգիստիկ աջակցության ձևաչափով:
«Jackal Stone»-ը հատուկ գործողությունների ուժերի միջազգային զորավարժություն է, անցկացվում է 2006 թվականից: Նշենք, որ այս վարժանքներին Վրաստանը մասնակցում է առաջին անգամ:
Հայտնի է, որ սցենարով զինծառայողները հակաահաբեկչական և ոստիկանական գործողություններ են անելու: