Այսօր՝ հունիսի 28-ին, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում մեկնարկել է Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ամառային հիմնական վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը :
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դասընթացին մասնակցում է 33 զինծառայող Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Հունգարիայից, Ուկրաինայից, Հունաստանից և Լիտվայից: Պարապմունքները կանցկացվեն մինչև հուլիսի 15-ը: Զինծառայողները կհմտանան լեռնագնացության և կողմնորոշման, վիրավորներին տարհանելու, ինչպես նաև լեռնային և ջրային արգելքները հաղթահարելու հարցերում:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարարության լուսանկարներից երևում է, որ դասընթացին մասնակցում է ՀՀ ԶՈւ 3 զինծառայող: Հնարավոր է՝ միայն այդ 3-ին է ֆիքսել տեսախցիկը:
Հավելենք, որ 2016 թվականին սա արդեն 3-րդ վերապատրաստումն է, որին մասնակցում են հայաստանցի զինծառայողները: Առաջինին մասնակցել է 2 զինծառայող, 2-րդին՝ 5:
Հավելենք, որ դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014 թ. հրապարակվել է Սաչխերեում 2007-ից մինչ 2014թ. դասընթացների մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։
Այսպիոսով՝ 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11 զինծառայող, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։
Ռազմինֆոն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին հաշվել է ՀՀ ԶՈւ 18 զինծառայողի, ովքեր վերապատրաստվել են Սաչխերեում։