Թինա Խիդաշելի. «Հնարավոր չէ առանց Վրաստանի քննարկել Սև ծովում անվտանգության հայեցակարգը»

Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին իր գործունեության 1 տարին ամփոփելու ընթացքում անդրադարձել է Սև ծովի անվտանգության հայեցակարգին, որը քննարկվում է ՆԱՏՕ-ում:

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

«Այսօր ՆԱՏՕ-ում ակտիվ աշխատանք է տարվում Սև ծովի անվտանգության հայեցակարգի հարցով, և այդ գործունեության լիարժեք անդամ է նաև Վրաստանը: Սև ծովի հետ կապված ցանկացած հայեցակարգ, որը կհաստատվի Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ [հուլիսի 8-9—Razm.info], Վրաստանի հետ միասին է լինելու, անկախ նրանից Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, թե՝ ոչ», — հայտարարել է Խիդաշելին, հաղորդում է վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության կայքը:

Ռումինիան հույս ունի, որ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կորոշվի Սև ծովում ստեղծել այսպես կոչված «միացյալ նավատորմ»: Այս մասին 2016թ. ապրիլի 4-ին հայտարարել էր Ռումինիայի պաշտպանության նախարար Միհնյա Մոտոկը: Ենթադրվում է, որ այդ նավատորմի կազմում կլինեն ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմածովային ուժերը, այլ նաև Վրաստանն ու Ուկրաինան: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ վերջին 2 պետությունները ռազմածովային ուժեր չունեն:

Ավելի ուշ՝ հունիսի 16-ին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել էր, որ Բուլղարիան չի մասնակցելու Սև ծովում ռուսաստանյան զորքին դիմակայելու համար ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծմանը:

Սև ծովում միացյալ նավատորմ ստեղծելու առաջարկով հանդես է եկել նաև Թուրքիան: Այս ծովում ամենախոշոր և մարտունակ ռազմածովային ուժեր ունեն հենց Ռուսաստանն ու Թուրքիան, և երբ 2014 թվականին Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, ծովում ուժերի հավասարակշռությունը փոխվեց՝ ՌԴ-ն զգալի ամրապնդեց իր դիրքերը սևծովյան ավազանում: Նախկինում, երբ Ղրիմը Ուկրաինայի կազմի մեջ էր, Ռուսաստանի ռազմածովային ուժերը հնարավորություն ունեին ժամանակավորապես տեղակայվել այնտեղ: Իսկ այժմ այդ հարցը լուծված է, իսկ Ռուսաստանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքների զարգացման հարցը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *